Տարածաշրջանի երկրների հատուկ ծառայությունները սատարում են Սիրիայի ընդդիմության զինված գրոհայիններին: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը Russia Today հեռուստաընկերության արաբական ծառայությանը տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին՝ արդյոք սիրիական իշխանությունները տեղեկություններ ունեն այն մասին, որ արևմտյան հատուկ ծառայությունները ֆինանսավորում են սիրիական ընդդիմության գորհայիններին, Ալ-Ասադը պատասխանել է՝ ոչ: Նա, սակայն, նշել է, որ Արևմուտքը տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում գրոհայիններին, հիմնականում Թուրքիայի, երբեմն՝ Լիբանանի միջոցով:
Սիրայի նախագահն ընդգծել է, որ բացի արևմտյան հատուկ ծառայություններից՝ կան նաև տարածաշրջանային հատուկ ծառայություններ, որոնք ավելի ակտիվ են, բայց, բնականաբար, գտնվում են արևմտյան հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո:
Ալ-Ասադը նաև նշել է, որ սիրիացի ժողովրդի մոտ ծագած տարաձայնությունը քաղաքացիական պատերազմի ապացույց չէ:
«Տարաձայնություններ կան, բայց դա չի նշանակում, որ քաղաքացիական պատերազմ է ընթանում… Քաղաքացիական պատերազմի պատճառներ կարող են դառնալ խոր էթնիկական կամ միջկոնֆեսիոնալ խնդիրները»,-նշել է Սիրիայի նախագահը:
Բաշար Ալ-Ասադը հակամարտող կողմերին խաղաղ բանակցությունների կոչ է արել: Նա նշել է, որ պատրաստ է երկրի իրավիճակը քննարկել նրանց հետ, «ովքեր իրականում ցանկանում է օգնել Սիրիային», բայց մտադիր չէ ժամանակ ծախսել նրանց վրա, «ովքեր ճգնաժամը ցանկանում է օգտագործել սեփական շահերի համար»:










































