«Երևանյան հեռանկարներ» 13-րդ երաժշտական միջազգային փառատոնի հրավերով նոյեմբերի 8-ի երեկոյան 2 ինքնաթիռով ժամանել է Ամստերդամի Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը (Royal Concertgebouw Orchestra ) 120 հոգանոց կազմով՝ լեգենդար դիրիժոր Լորին Մաազելի գլխավորությամբ։ 1888թ. հիմնադրված նվագախումբը կրում է աշխարհի «թիվ մեկ» տիտղոսը՝ ըստ «Դոյչե գրամոֆոնի»:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, ով նվագախմբի այցը որակեց որպես «Հայաստանում երբևէ եղած ամենամեծ մշակութային իրադարձությունը, մեր երկրի մեծագույն հաջողությունը մշակութային կյանքում»:
Աշխարհահռչակ դիրիժորն իր խոսքում նշեց, որ իրեն շատ են գրավում այն վայրերը, որտեղ երբևէ չի եղել, և որտեղ կա «մշակութային հետաքրքիր կյանք»: Նա նաև ասաց, որ շատ լավ բաներ է լսել «Արամ Խաչատրյան» համերգասրահի մասին ու շատ երջանիկ է այստեղ գտնվելով:
Մաազելն իր խոսքում նշեց, որ Կոնցերտգեբաուն աշխարհի ամենամեծ նվագախմբերից մեկն է, որտեղ երաժիշտները մեծ ջանքեր են ներդնում կատարյալ արդյունք տալու համար:
«Ձեր պատկերացրածից ավելին կլինի այսօրվա համերգը»,- ասաց դիրիժորը:
Հարցին՝ արդյոք նա համամի՞տ է տարածված այն կարծիքի հետ, թե դիրիժորի ձեռքերը լավագույնն են համարվում 60 տարեկանում, մաեստրոն կատակով պատասխանեց` «ինչքան մեծանում, այնքան հույս ես տալիս քեզ, թե լավն ես դարձել, սակայն իրականում դա անձնական վերաբերմունքի հարց է, ներքին աշխատանքի, որը երաժշտին լավն է դարձնում, ոչ թե տարիքը»:
Հարցին՝ արդյոք ծանո՞թ է հայ կոմպոզիտորներից օրինակ` Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին, դիրիժորը պատասխանեց, որ ինքը Խաչատրյանի երկրպագուն է ու իրեն անծանոթ չէ նրա ստեղծագործությունը:
«Ես կատարել եմ նրա Սուսերով պարն ու Դաշնամուրային կոնցերտը, սակայն նրա գործերի կատարումը կթողնենք մեկ ուրիշ անգամվա»,- ասաց Մաազելը:
Ինչ վերաբերում է նվագախմբի հաջողության գաղտնիքին, ապա դիրիժորը նկատեց, որ նվագախմբի ֆանտաստիկ հնչողությունը համագործակցության, ավանդույթի մեջ է: «Դժվար է ասել՝ ինչից է: Կապ ունի նաև դիրիժորի անձնական մոտեցումը ու գեղարվեստական տեսլականը: Այն, ինչ տեսնում եք համերգին, դա փոխազդեցության արդյունք է»,- հավելեց վերջինս:
Հազարավոր այլ նվագախմբերից Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը առանձնանում է իր յուրահատկությամբ. նվագախմբի լարային բաժինն անվանել են «թավշյա», փողայինները՝ «ոսկե», փայտյա փողայինները՝ «հստակորեն անհատական»:
Նվագախումբը ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 19:30-ին: Ծրագրում կհնչեն նիդերլանդացի կոմպոզիտոր Փիթեր Անրոյի գործերից, Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» սյուիտը, Չայկովսկու Չորրորդ սիմֆոնիան:








































