ՀՅԴ-ն երկրի քաղաքական օրակարգ ձևավորելու 7 կետ է այսօր առաջարկել, որոնք, ըստ իրենց, կօգնեն բարելավել մեր կյանքը տարբեր բնագավառներում: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է, որ այդ հայտարարության կետերը նոր չեն գրվել, իրենք այս մասին ասել են վաղուց: «Մենք խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ վերլուծություն ենք կատարել և եկել եզրակացության, որ Հայաստանում ընտրություները կորցրել են իրենց իմաստը, եթե այսպես պետք է շարունակվի: Երբեք Հայաստանում իշխանությունը ընտրությունների միջոցով չի փոխվել: Եթե պետք է ընտրություններին մասնակցել, որպես միջոցառում՝ մեր ծրագրում այդպիսի ընտրւթյուն չի մտնում»,- ասել է Արմեն Ռուստամյանը:
Նա նշել է, որ պետք է համախմբվի ընդդիմադիր ընտրազանգվածը, որը լուրջ թիվ է, և ընտրություններով փոփոխությունների հույս ներշնչի: Առանց այդ կետերի շուրջ համախմբման, միասնական թեկնածուի մասին խոսելն ավելորդ է: «Այս գաղափարներն առիթ են, որպեսզի լեգիտիմ կերպով իշխանութունները փոխվեն»,- ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը՝ հավելելով, որ մեծամասնական ընտրակարգը մեծ հնարավորություն է տալիս իշխանությանը վերահսկել ամբողջ մարզերը, ուստի 41 մեծամասնական պատգմավորից ոչ մեկը ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ չէ: Նա «աբսուրդ» է համարել, որ ժողովուրդը դժգոհ է իրավիճակից, բայց ընտրում է նրան, ումից դժգոհ է:
«Մենք ունենք գաղափարը՝ ներառված 7 կետերի մեջ, որոնք խորը ուսումնասիրված և մշակված գաղափարներ են, և ունենք այն իրագործող կուսակցությունը: Մեր կուսակցությունը թեկնածուների պակաս չունի: Սակայն կարևոր է, որ մեր ընդդիմությունը համախմբվի այդ կետերի շուրջ»,- ասել է Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ արդեն շաբաթ օրը հանդիպելու են ԲՀԿ-ի հետ, որն առջարկում է իրենց ծրագրի առաջին երկու կետերը՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի և խորհրդարանական հանրապետության մասով: Սակայն ՀՅԴ-ն դա համարում է ոչ բավարար:
Եթե քննարկումների արդյունքում եղավ միասնական թեկնածու, ավելի լավ, եթե ոչ՝ դեկտեմբերի կեսերին կայանալիք ՀՅԴ Գերագույն ժողովը կընտրի սեփական թեկնածուին:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր ՀՅԴ-ին՝ նշելով, որ 2009-ին կոալիցիայից դուրս գալուց հետո ՀՅԴ-ն գնալով թուլացել է և անգամ նախագահի թեկնածու չունի: «Երբ խորհրդարանական համակարգ որդեգրելու մեր ծրագիրը վերջապես իրականանա, այսպիսի նախարար չի լինի»,- ասել է Արմեն Ռուստամյանը՝ ԿԳ նախարարությունը համարելով վիրտուալ նախարարություն, որի ղեկավարը մշտապես «Ֆեյսբուք»–ում է, իսկ նրա վերլուծություններն էլ ապացուցում են, որ ով կոալիցիայում չէ, այս երկրում տեղ չունի:
Անդրադառնալով այն հարցին, թե այս նախաձեռնության հետևում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, Արմեն Ռուստամյանն ասել է, որ Քոչարյանը եթե լսեր ՀՅԴ-ին, 2005 թվականին այս պահանջներն իրականություն կդառնային:










































