Վրացական «Ալիա» թերթին տված հարցազրույցի ժամանակ վրացի քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Պետրե Մամրաձեն հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ավագ որդին՝ Էդվարդը, գաղտնի մասնակցել է հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից առաջ տվյալ ժամանակվա ընդդիմության՝ «Վրացական երազանքի» վերջին բազմահազարանոց հանրահավաքին, որն անցկացվել է Թբիլիսիում:
Նա հավելել է, որ այդ հանրահավաքի ժամանակ գտնվել է Սաակաշվիլիի որդուց ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ ընդգծելով, որ նա եղել է արևային մուգ ակնոցով և բանդանայով. «Ես չմոտեցա նրան, քանի որ ակնհայտ էր, որ նա ցանկանում էր մնալ աննկատ: Նա սովորում է Ցխնետիի (Թբիլիսիի արվարձան) ամերիկյան դպրոցում, և ինձ նրա համադասարանցիները հաստատեցին, որ նա իրենց հետ է եղել հանրահավաքի ժամանակ: Ընտանիքում Սաակաշվիլիին կոչ են անում հնարավորինս շուտ հրաժարական տալ»:
Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սաակաշվիլիի հոլանդուհի կին Սանդրա Ռուլովսը ցանկանում է լքել Վրաստանը:










































