Ադրբեջանը հրաժարվել է այցագիր տրամադրել ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության անդամ Ռենե Ռուկեին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորին:
Ռուկեն մայիսի 23-ին Բաքվում պետք է մասնակցեր ԵԽԽՎ մշտական խորհրդի նիստին:
Բրասյորի խոսքով՝ այցագրի տրամադրման համար Ռենե Ռուկեն բանակցություններ է վարել Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի հետ:
«Ցավոք, պատասխանը եղել է բացասական»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ հարցը քննարկել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ:
Ավելի ուշ պարզվել է, որ Ռուկեն որոշ ժամանակ առաջ մի քանի ֆրանսիացի գործընկերների հետ այց էր իրականացրել Լեռնային Ղարաբաղ, որից հետո Ադրբեջանում հայտարարվել էր «պերսոնա նոն գրատա»:







































