Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեկնել է Ինդոնեզիա՝ մասնակցելու համար Բալի կղզում կայանալիք 5-րդ ժողովրդավարական ֆորումին: Ահմադինեժադը Թեհրանի օդանավակայանում հայտարարել է, որ գերիշխող աշխարհակարգը մտել է փակուղի.
«Բոլոր քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները քննարկում են գոյություն ունեցող աշխարհակարգի փոփոխման անհրաժեշտությունը: Իրանի ժողովուրդը նույնպես ձգտում է դրա փոփոխմանը: Բալիի ժողովրդավարական ֆորումի անցկացման նպատակը համատեղ ջանքերով մարդկության համար ավելի լավ ապագա ստեղծելն է:
Ֆորումի մասնակիցները կարծում են, որ ներկայիս աշխարհում գոյություն ունեցող ժողովրդավարության տեսակը չի համապատասխանում մարդկության ժամանակակից պահանջներին և կոնֆլիկտի մեջ է մտնում համաշխարհային մշակույթների հետ: Յուրաքանչյուր ժողովուրդ՝ կախված իր տարածաշրջանում առկա մշակույթից և իրողություններից, պետք է կառուցի իր քաղաքական համակարգը և իրավակարգը»:







































