«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի Մամուլի ակումբի ծրագրերի համակարգող, փորձագետ, քաղաքագետ Միքայել Զոլյանը:
-Պարոն Զոլյան, Երևանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, թե ԵՄ-ն պետք է Հայաստանի համար ասոցացման նոր մոդել մշակի, որպեսզի Հայաստանը, զուգահեռ իր եվրասիական քաղաքական հանձնառությունների, շարունակի նաև եվրոպական ինտեգրացիան: Ի՞նչ մոդել է հնարավոր այսօր ուրվագծել, եթե Հայաստանը սահմանափակված է լինելու Եվրասիական միասնական տնտեսական տարածքին միանալուց հետո:
-Նախ պետք է հիշել, որ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահն է և ոչ թե ԵՄ-ի հանձնակատար կամ նման պաշտոնյա, այսինքն՝ նա առաջին հերթին մտածում է իր շահերի մասին, որպես Ֆրանսիայի նախագահ: Իսկ Ֆրանսիայում հայկական համայնք կա, Ֆրանսուա Օլանդը այսօր բավականին ցածր վարկանիշ ունի Ֆրանսիայում և չի կարող կորցնել ևս մեկ խումբ, իսկ այս հայտարարությունը ֆրանսահայ համայնքի համար հաճելի էր: Նման հայտարարության համար վերոնշյալ հանգամանքը մեծ դեր ուներ: Մյուս կողմից, եթե խոսենք եվրոպական կառույցների մասին, ապա պարզ է, որ եվրոպական կառույցները չեն կարող ամբողջությամբ հրաժարվել Հայաստանից: Այսօր մի իրավիճակ է, երբ մեծ անորոշություն կա և պարզ չէ. նույն Մաքսային միության անդամակցության փաստաթուղթն այսօր կարծես` չի կնքվում, պետք է Եվրասիական միությանը միանալու փաստաթուղթ կնքվի, բայց բացառված չէ, որ մի օր պարզվի, թե Եվրասիականն էլ է հետաձգվում, ուստի ԵՄ-ն նախընտրում է ունենալ այն, ինչ անգլերեն անվանում են երկրորդ ծրագիր (plan B) կամ պահեստային տարբերակ, ուստի արդեն հիմա Հայաստանին ասել, թե բացառված է որևէ տարբերակ, ԵՄ շահերից չի բխում: Մյուս կողմից` բացահայտորեն ասել, թե եկեք սպասենք՝ տեսնենք, թե ինչ է լինում ՄՄ-ն, եթե չստացվի, մենք Ձեզ կընդունենք, արդեն, բնականաբար, դիվանագիտական լեզվով հնարավոր չէ արտահայտել: Ուստի կարծում եմ, խնդիրը դա է՝ շարունակել պահել Հայաստանին ինչ-որ մի վիճակում, որպեսզի դրանից հետո հնարավոր լինի և այս կողմ, և այն կողմ շարժվել:
-Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ և Հայաստանը, և ԵՄ-ն սպասում են եվրասիական պրոյեկտների շրջանակում Հայաստանի կարգավիճակի հստակեցմա՞նը:
-Այո: Իրականում, եթե Հայաստանը իսկապես դառնա Եվրասիական կամ Մաքսային միության անդամ, ապա ԵՄ-ի հետ հարաբերությունները մեկ դաշտում են զարգանալու: Հնարավոր է՝ ծրագրեր իրականացվեն, բայց պարզ է, որ ԽՀԱԱԳ-ի (DCFTA) մասին խոսք անգամ լինել չի կարող: Եթե Հայաստանը չդառնա այդ միությունների անդամ, կամ եթե այդ միություններն ընդհանրապես չկայանան, կամ Հայաստանն ունենա դիտորդ անդամի կարգավիճակ, ինչպես Հայաստանը տարիներ շարունակ ԵվրԱզԷս-ում, ԵՄ-ի հետ շարունակում էր հարաբերությունները խորացնել: Այսինքն՝ այստեղ խնդիրն այն է, որ գոյություն ունի անորոշություն և կողմերը՝ Հայաստանն ու ԵՄ-ը, չեն ցանկանում բացառել հետագա որևէ ճանապարհ:
-Ստացվել է այնպես, որ Արևելյան գործընկերության վեց երկրներից յուրաքանչյուրը զարգացման մի յուրատիպ ուղի է ընտրել: ԱլԳ-ն, որպես ծրագիր, կենսունա՞կ է արդյոք այսօր:
-Ես չէի ասի, որ ամեն ինչ միանշանակ է: Օրինակ՝ Ուկրաինայի հետ կապված իրադարձությունների արդյունքում Բելառուսի և Ռուսաստանի միջև ինչ-որ խնդիրներ են առաջանում, համենայն դեպս Բելառուսն իրեն փորձում է ավելի անկախ դրսևորել, այսինքն՝ բացառված չէ, որ նույնիսկ Լուկաշենկոն փորձ կանի ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորել՝ որքանով դա հնարավոր կլինի, որովհետև պարզ է, որ եվրաինտեգրացիայի մասին խոսք անգամ լինել չի կարող, բայց համենայն դեպս՝ այդ խիստ սուր կոնֆլիկտից հանել իրավիճակը: Այս իմաստով ցանկացած դեպքում ԵՄ-ն շահագրգռված է պահպանել ԱլԳ-ն, որովհետև դա արդեն կայացած քաղաքական գործիք է: Թե այդ գործիքով ինչ ենք անում, այլ խնդիր է: Այսինքն՝ Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի դեպքում այդ գործիքի միջոցով ԵՄ-ն փորձելու է ապահովել ինտեգրացիա, իսկ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի դեպքում առայժմ դա հնարավոր չէ և այդ իմաստով ինտեգրման մասին այսօր խոսելն այդքան էլ իրատեսական չէ: Բայց այդ գործիքը կարելի է օգտագործել հարաբերությունների զարգացման այլ ոլորտներում, գոնե կապ պահպանելու համար: Չեմ կարծում, որ ԵՄ-ն հրաժարվի ԱլԳ-ից: Խոսակցություններ կան, որ ԱլԳ շրջանակներում կարող են լինել այսպես կոչված՝ երկու արագություններ: Երեք երկրները՝ Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, որոնք կստորագրեն Ասոցացման համաձայնագիրը, կշարունակեն ավելի արագ տեմպերով ինտեգրվել՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Ուկրաինայում և երկրորդ խումբը՝ Հայաստան, Բելառուս, Ադրբեջան, որոնց հետ հարաբերությունները ԵՄ-ն կփորձի կառուցել անհատական մակարդակով: Այս առումով Հայաստանը կարող է նույնիսկ նորից առաջ ընկնի Բելառուսից և Ադրբեջանից, ինչպես ժամանակին եղել է: Բայց այսօր այնպիսի մի իրավիճակ է, երբ այս ամենը հնարավորություններ են, որոնց մասին խոսելը դժվար է: Շատ բան կախված է նաև մեր իշխանություններից: Եթե մեր իշխանությունները շարունակեն ոչ ժողովրդավարական միտումները, որոնք այսօր նկատվում են, բնականաբար, ԵՄ-ի համար դժվար կլինի կապ պահպանել Հայաստանի հետ:
-Պարոն Զոլյան, Հայաստանը պետք է միանար Մաքսային միությանը, բայց այսօր պարզվում է, որ մենք պետք է միանանք Եվրասիական միասնական տարածքին, ու սրա շուրջ էլ ՄՄ անդամ երկրների միջև տարաձայնություններ կան. այս պայմաններում տեսնո՞ւմ եք եվրասիական տնտեսական ինտեգրացիոն պրոյեկտների հեռանկար, թե Ձեզ համար ևս այդ հեռանկարներն աղոտ են:
-Ի տարբերություն ԵՄ-ի, որտեղ կա բաց քաղաքական գործընթաց, այստեղ հիմնականում փակ բանակցություններ են և այն, ինչ մենք լսում ենք, այդ փակ բանակցությունների միայն մեկ մասն են: Էլ ավելի դժվար է մեզ համար այդ մասին խոսել, քանի որ Հայաստանն այդ գործընթացից դուրս է մղված, ու այսօր ՄՄ ղեկավարները միմյանց հետ բանակցում են և լուծում են ինչ-որ հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանին, և վերջում այդ որոշումը կներկայացվի Հայաստանին, որպես կայացած փաստ, և Հայաստանը կամ պետք է համաձայնի, կամ չհամաձայնելու մասին էլ խոսք չկա. փաստորեն, ցանկացած դեպքում պետք է ընդունի: Այս առումով գոնե այս իրավիճակից մենք պետք է աշխատենք դուրս գալ և կարողանանք այդ գործընթացների վրա ունենալ ազդեցություն, մեր իշխանությունը կարողանա մեր շահերը ներկայացնել: Եթե մտնում ենք ՄՄ և Եվրասիական միություն, գոնե մեզ համար շահավետ պայմաններով: Բայց այսօր ես, ցավոք, տեսնում եմ, որ մեր իշխանություններն ընդհանրապես այդ գործընթացում պասիվ դերակատարություն ունեն:
-Միգուցե ելքն այն է, ինչի մասին խոսեց Ֆրանսիայի նախագահ Օլանդը, թե Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրոպայի և ՄՄ-ի միջև: Սա կարելի է դիտարկել որպես հարմար տարբերակ Հայաստանի համար:
-Իրականում դրանք գեղեցիկ բառեր են, բայց կամուրջն էլ տարբեր կարող է լինել՝ չեզոք, ՄՄ վերահսկողության ներքո, ԵՄ-ի վերահսկողության ներքո: Եթե ռազմավարական ապագայի առումով խոսենք, ինձ թվում է՝ Հայաստանի ապագան դրանում է կայանում, մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ մենք պետք է կամուրջ լինենք և ոչ միայն Եվրոպայի և Ռուսաստանի, այլ նաև Եվրոպայի, Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի միջև. մեր պատմական ժառանգությունը, մեր Սփյուռքի առկայությունը մեր կամուրջ դառնալու համար իդեալական պայմաններ է ստեղծում: Բայց դրա համար մենք պետք է կարողանանք մեր շահերը գիտակցել, ձևակերպել և դրանց համար պայքարել, ինչը, ցավոք, մենք չենք տեսնում, ուստի այսօր կամրջի դերին հավակնելը շատ իրատեսական չէ, որովհետև հիմա լավագույն դեպքում կարող ենք պայքարել մեր ինքնիշխանությունը պահպանելու համար:










































