Սերժ Սարգսյանի հրահանգով` մի քանի ոչ կենտրոնական անձանց մեծ աղմուկով թիկնապահներից զինաթափելու օպերացիան իրականացրած ոստիկանությանը դեռ շաբաթներ առաջ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հարցում էր արել, թե ինչու նույնքան ջանասիրությամբ չեն զինաթափում Սերժ Սարգսյանի մերձավորների` Սաշիկ Սարգսյանի, Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագո), Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) թիկնապահներին («Նկատելիներին չեն նկատում», հոկտեմբեր 9,2012, «Հժ»): Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը պատասխանել էր. «Երբ նշված անձանց շարասյուները նկատվեն…»:
Օրեր առաջ համացանցում հայտնվեց մի լուսանկար, որտեղ, ըստ հեղինակների, պատկերված էր Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի (Միշիկ) ավտոշարասյունը: Եվ քանի որ որևէ պատկան մարմին չի հերքել, որ նկարում երևացող մեքենաները Մ. Մինասյանի և նրա թիկնապահների ավտոշարասյունն են, «ՀԺ» թղթակիցը ոստիկանությունից հետաքրքրվեց ինչու դա մինչ օրս չի վնասազերծվել: «Այդ լուսանկարով դժվար է տարբերակել` դա շարասյուն է, թե մեքենաների հոսք: Եթե լուսանկար է ներկայացվում, դրանում երևացող խախտումը պետք է ակնհայտ լինի»,- հարցին ի պատասխան ասել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը և ավելացրել, որ տեսագրություն ներկայացնելու դեպքում ավելի հեշտ կլիներ արձանագրել խախտումը:
Ստացվում է, որ ՀՀ ոստիկանությունը Սերժ Սարգսյանի մերձավորներին թիկնապահներից չի «զինաթափում», նախ` որովհետև չի նկատում նրանց ավտոշարասյուները, իսկ երբ դրանցից մեկն աիձանագիվում է լուսանկարում, և հնարավոր չէ չնկատել, էլի չի զինաթափում, որովհետև դրա համար լուսանկարը քիչ է, տեսագրություն է անհրաժեշտ:








































