Հայտնվելով իսպանական Սետենիլ-դե-լաս-Բոդեգաս քաղաքում, ակամա հիշում ես աստվածաշնչյան այն ճշմարտությունը, որ կա քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակ: Թվում է՝ այս խոսքերն այստեղ բառացիորեն են ընկալվել, և ինչ-որ անտեսանելի ուժեր տարածքի բոլոր քարերը հավաքել են ծայրամասերում, ապա նրանց մեջ բազմաթիվ բնակելի տներ են կառուցել: Սա, թերևս, Անդալուզիայի ամենուշագրավ անկյուններից է: Այս քաղաքը վաղուց է հայտնի իր յուրօրինակ աշխարհագրական դիրքով. տների մեծամասնությունը կառուցված է քարանձավների ընդարձակման հաշվին:
Պատմական աղբյուրները վկայում են, որ Սետենիլ-դե-լաս-Բոդեգասը հնամենի բնակչություն ունեցող քաղաք է: Նրա բնակիչներն աչքի են ընկել ռազմական համարձակությամբ, նրանք համառորեն պաշտպանել են քաղաքը հռոմեական զինվորների հարձակումներից, ովքեր մ. թ. 1-ին դարում կարողացել են քաղաք մտնել միայն 15-օրյա դիմադրությունը ճեղքելուց հետո:
Գիտնականների կարծիքով՝ քաղաքի անունը` «Սետենիլ», բխում է հենց այս պատմությունից, որը բառացիորեն թարգմանվում է «յոթ անգամ առանց արդյունքի»: Հենց այդքան էլ հռոմեացիներն անարդյունք հարձակվել են քաղաքի վրա։ Քաղաքի անվան երկրորդ մասը` «դե լաս-Բոդեգաս» ավելի ուշ է ավելացել՝ ի պատիվ այս տեղանքում հայտնի թանկարժեք գինիների:
Տարիների ընթացքում Սետենիլ-դե-լաս-Բոդեգասի համբավը տարածվել է ոչ միայն գինու, այլ նաև հայտնի մսային կերակրատեսակների շնորհիվ։ Քաղաքի բազմաթիվ բարերում և ռեստորաններում խոզի մսից պատրաստված հիանալի ճաշատեսակներ են մատուցվում։











































