Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում` ժամը 16.30-ին տեղի կունենա «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի պրեմիերա` «Նկարը» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը:
Բացի այդ՝ «Բուրբոն» ակումբում ժամը 17.00-ին կցուցադրվի «Չիկոն և Ռիտան» անիմացիոն ֆիլմը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են «ՌեԱնիմանիայի» մամլո ծառայությունից:
Փառատոնի շրջանակում կներկայացվեն մրցութային և հատուկ ծրագրեր, կլինեն պրեմիերաներ, հրավիրյալ հյուրերի կողմից կանցկացվեն վարպետության դասեր: Հագեցած են լինելու «ՌեԱնիմանիայի» ոչ միայն ցերեկները, այլև երեկոները։ Անիմացիայի սիրահարների համար այս տարի բացօթյա ցուցադրություններ են լինելու Սիրահարների այգում:
Փառատոնը ունի 6 մրցութային ծրագրեր` լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական, երաժշտական, հեռուստատեսային/գովազդ, ինչպես նաև մանկական ընտրություն: Այս տարի փառատոնը համագործակցում է նաև Խնկո Ապոր գրադարանի հետ, և փառատոնի շրջանակում այնտեղ կցուցադրվեն մանկական ֆիլմեր:
Փառատոնը հյուրընկալում է անիմատորների Բրազիլիայից, Գերմանիայից և Ռուսաստանից, որոնք տեղական ժյուրիների հետ կորոշեն այս տարվա հաղթող ֆիլմերին, նաև կանցկացնեն սեմինարներ ու վարպետության դասեր:
Առաջին անգամ կմեկնարկի Work-in-Progress ծրագիրը՝ հայ անիմացիոն գործչին հնարավորություն տալով ներկայացնել իր աշխատանքը և ինչու ոչ՝ գտնել ֆինանսավորողի, ով կօգնի ավարտին հասցնել աշխատանքը:
Հայկական ներկապնակի շրջանակում կներկայացվի Տարեդարձ բաժինը՝ անիմացիայի հայ երախտավոր՝ Վլադիմիր Մայիլյանին նվիրված ծրագրով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «ՌեԱնիմանիայի» մամլո ծառայությունը, աշխարհի ամենամեծ միջազգային անիմացիոն կինոփառատոներից մեկի՝ Անսիի (Ֆրանսիա) փառատոնի տնօրեն Տիցիանա Լոսքին այս տարի դարձել է «ՌեԱնիմանիա» փառատոնի միջազգային խորհրդի անդամ:
Փառատոնում կներկայացվի մոտ 400 ֆիլմ աշխարհի 40-ից ավելի երկրներից: Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, «Նարեկացի» մշակութային կենտրոնում, Մալյանի անվան թատրոնում, Խնկո Ապոր մանկական գրադարանում, «Բուրբոն» ակումբում, ինչպես նաև «Թումո» կենտրոնում և «Այբ» դպրոցում: Փառատոնային բոլոր ֆիլմերի մուտքն անվճար է:
«Նաիրի» կինոթատրոնում տեղի կունենա ռուսական անիմացիայի 100-ամյակին նվիրված հաղորդում, որին ներկա կլինեն հյուրեր Ռուսաստանից: Կցուցադրվեն լավագույն հարյուրյակից մասեր, ինչպես նաև Սուզդալի անիմացիոն փառատոնի հետ համագործակցության շրջանակում կներկայացվեն վերջին 3 տարում արտադրված ռուսական լավագույն ֆիլմերը:
Փառատոնային օրերի ընթացքում ժյուրին կդիտի ֆիլմերը և նոյեմբերի 9-ին կհայտարարի հաղթողների անունները:
Փառատոնի գեղարվեստական տնօրենն է Լուսինե Քասարջյանը, փառատոնի հիմնադիրը՝ Վրեժ Քասունին: Փառատոնին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Փառատոնը կտևի նոյեմբերի 3-9-ը:










































