ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով Ալբանիայի անկախության 100-ամյակի կապակցությամբ այցելել է այդ երկիր, հակամարտող քաղաքական խմբակցություններին կոչ է արել համագործակցել, որպեսզի կարողանան իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ և գալիք տարի ազնիվ և ազատ ընտրություններ ապահովել:
Դիմելով Ալբանիայի կառավարությանը` Քլինթոնն ասել է, որ երկիրը պետք է շարունակի աշխատել ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսության ամրապնդման և իր քաղաքացիների համար լավագույն ապագա կառուցելու ուղղությամբ:
«Դուք կարող եք օրինակ լինել ոչ միայն այս տարածաշրջանի և Եվրոպայի, այլև ամբողջ աշխարհի համար»,- հայտարարել է Քլինթոնը:
Քլինթոնը նաև նշել է, որ ԱՄՆ-ը ԵՄ կազմում ընդգրկվելու հարցում աջակցում է Ալբանիային՝ որպես դաշնակից ՆԱՏՕ-ում:
Նա նաև քաղաքական ուժերին կոչ է արել միավորվել` նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը երկրի կարևորագույն առաջադրանքներից է, որի կատարման համար անհրաժեշտ է մոռանալ քաղաքական տարաձայնությունների մասին:
Ավելի վաղ պետքարտուղարը հանդիպել է երկրի նախագահ Բույար Նիշանիի հետ:
Քլինթոնն այցելել էր նաև Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Կոսովո և Խորվաթիա:









































