Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդը (ՍԱԱԽ) վրդովված է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կոչից, ով նրանց խնդրել էր ոչ առանցքային տեղեր զբաղեցնել նոր բարեփոխված ընդդիմադիր շարժման մեջ:
Al Jazeera-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի աջակցությամբ նոր ձևավորված ընդդիմադիր խորհրդի կազմը կհայտարարվի հաջորդ շաբաթ՝ Դոհայում:
Ավելի վաղ հայտնում էին, որ Սիրիական ազատ բանակի գեներալ Մուստաֆա Ալ-Շեյխը ողջունել է Սիրիայի նախկին վարչապետ Ռիադ Հիջաբին սիրական ընդդիմության նոր միավորող օրգանի կազմում ընդգրկելու ԱՄՆ-ի առաջարկը:
Նա ասել է, որ ճիշտ քայլ է համարում ընդդիմության կազմում պետության կառավարման, այլ պետությունների հետ հարաբերությունների փորձ ունեցող մարդու ընդգրկելը, այլ ոչ թե մարդկանց, ովքեր ամբողջ կյանքում ընդդիմություն են եղել:
Գեներալը նաև հայտարարել է, որ Սիրիայում ծայրահեղականության տարածման համար մասամբ մեղավոր է միջազգային հանրությունը:
Հիշեցնենք` ավելի վաղ Սիրիայի նախկին վարչապետ Հիջաբը սիրական ընդդիմության նոր միավորող մարմնի կազմում ընդգրկվելիք թեկնածուների թվում էր։ Այդ մարմնի ստեղծման ծրագրի ակտիվ ջատագովն է ԱՄՆ-ը:
Հիջաբն օգոստոսին հրաժարվել էր համագործակցել Ասադի կառավարության հետ և փախել էր երկրից:







































