Նորագույն տեխնոլոգիաներ և ֆուտբոլ… այս արտահայտությունները որքան համապատասխանում են միմյանց, այնքան հեռու են իրարից, քանի որ արդար խաղի որոշ պատասխանատուներ ուղղակի թույլ չեն տալիս դրանց ներմուծումը մեծ ֆուտբոլ: Արդյունքում տուժում են ֆուտբոլիստները, մարզիչները, թիմերի այլ ներկայացուցիչներ, իրենց խաբված են զգում հազարավոր երկրպագուներ, որոնք այցելում են խաղադաշտեր և հավաքվում են հեռուստաէկրանների առջև:
Մրցավարական կոպտագույն սխալներն այնքան շատ են, որ ժամանակ առ ժամանակ դրանք կարծես օրինաչափ են թվում: Դրանք առկա են թե՛ հավաքականների, թե՛ ակումբային ֆուտբոլի մակարդակով: Վերջին ժամանակների մրցավարական աղմկահարույց որոշումներից բավական է հիշել ֆուտբոլի 2010թ. Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած Անգլիա – Գերմանիա խաղը, երբ Ֆրենկ Լեմպարդի հարվածից հետո գնդակը, անդրադառնալով հորիզոնական դարպասաձողից, հայտնվեց դարպասում: Բոլոր տեսան գոլը` բացի հանդիպման գլխավոր մրցավարից: Արդյունքում` անգլիացիները 4:1 հաշվով պարտություն կրեցին: «Եվրո-2012»-ում Մարկո Դևիչը Ուկրաինա – Անգլիա խաղում 0:1 հաշվի ժամանակ խփեց պատասխան գոլը, որը կրկին չարձանագրվեց:
Ակումբային ֆուտբոլի ամենաթարմ աղմկահարույց հանդիպումը տեղի ունեցավ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 9-րդ տուրում: «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման ժամանակ մրցավարն արձանագրեց Խավիեր Էրնանդեսի` բացահայտ խաղից դուրս վիճակից խփած գոլը: «Չելսի»-ն պարտվեց 2:3 հաշվով:
Նույնիսկ այս դեպքերից հետո ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին շարունակում է համառորեն պնդել, որ ֆուտբոլը նորագույն տեխնոլոգիաների կարիք չի զգում. «Ներկայումս ես ՖԻՖԱ-ի նախագահը չեմ և չգիտեմ, կլինեմ ապագայում, թե ոչ: Սակայն ես կարծում եմ, որ ՖԻՖԱ-ն և Անգլիայի ֆուտբոլի միությունը պատմական սխալ կգործեն` ներմուծելով այդ տեխնոլոգիաները: Չեմպիոնների լիգայի և Եվրալիգայի գավաթների վերջին 3 խաղարկություններում մրցավարական ոչ մի սխալ չի եղել: Բացառություն է միայն «Եվրո-2012»-ի Անգլիա – Ուկրաինա խաղը: Եթե ներմուծված լինեին այդ տեխնոլոգիաները, ապա այդ խաղում կարձանագրվեր Դևիչի գոլը, սակայն գրոհը սկսելու պահին խաղից դուրս վիճակ կար»:
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը համամիտ չէ Պլատինիի հետ և տեխնոլոգիաների` ֆուտբոլ ներմուծումն անհրաժեշտություն է համարում. «Անգլիա – Ուկրաինա խաղից հետո նորագույն տեխնոլոգիաների` ֆուտբոլ ներմուծումը ոչ թե այլընտրանք է, այլ անհրաժեշտություն»,- հայտարարել է Բլատերը:
Նորագույն տեխնոլոգիաներ կիրառվում են բազմաթիվ մարզաձևերում` թենիս, հոկեյ, հանդբոլ, ռեգբի և այլն: Այս առումով ֆուտբոլը մնացել է 19-րդ դարի մակարդակին: Մրցավարական «ներկայացումների շարքից» հետո հարց է առաջանում, թե ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում դրանք վերացնելու ուղղությամբ, ինչո՞ւ արդար խաղի պատասխանատուները վճռական քայլեր չեն կատարում:
Չենք կարող լուրջ ձեռքբերում համարել, իհարկե, սկզբում Եվրալիգայի, այնուհետև` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության հանդիպումներում 4-րդ և 5-րդ մրցավարների ավելացման քայլը, որը կարծես շիկացած մթնոլորտը մեղմելու միտում ուներ: Այն, որ դարպասների ետևում գտնվող մրցավարները բազմաթիվ դեպքերում դրվագը մի քանի սանտիմետրից դիտելիս չեն կարողանում (երբեմն չեն ցանկանում) ճշգրիտ որոշում կայացնել, անհերքելի փաստ է:
Այնուամենայնիվ, դրական որոշումներ նույնպես կան: Դարպասի գրավման ավտոմատ համակարգերի (goal-line technology – GLT) ներմուծման հարցը ֆուտբոլի ֆեդերացիաների միջազգային խորհրդի (IFAB) կողմից հավանության է արժանացել: Փորձարկվում են 2 համակարգեր` Goal Ref և Hawk-Eye: Կան որոշակի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն ավտոմատ համակարգերը: Դրանք պետք է լինեն ճշգրիտ և աշխատեն անթերի, դարպասի գրավման մասին պետք է 1 վայրկյանի ընթացքում տեղեկացնեն մրցավարին (ՖԻՖԱ-ի կարծիքով երկարաժամկետ դադարները կսպանեն հանդիպման դիտարժանությունը), պետք է աշխատեն եղանակային ցանկացած պայմաններում և բնական ու արհեստական լուսավորության պայմաններում:
Hawk-Eye («Բազեի աչք») համակարգը երկար ժամանակ հաջողությամբ կիրառվում է թենիսում և կրիկետում: Բնականաբար, ֆուտբոլն ունի իր յուրահատկությունները, բայց նախատեսվում է դարպասներում տեղադրել 6-ական տեսախցիկ, որոնց պատկերները, որոնք ցուցադրվելու են նաև խաղադաշտերում տեղադրված էկրաններին, կմիավորվեն` գնդակի դիրքը որոշելու նպատակով: Դրանից հետո մրցավարը համապատասխան ազդանշան կստանա:
Goal Ref համակարգը 2009 թվականից կիրառվում է հանդբոլում: Դարպասի մոտակայքում ստեղծվում է մագնիսական դաշտ, իսկ գնդակի ներսում տեղադրվում է զգայուն հատուկ սարք: Երբ գնդակն ամբողջությամբ հատում է դարպասային գիծը, մրցավարն ազդանշան է ստանում դարպասի գրավման մասին:
Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ն կարող է ներմուծել 2 համակարգերը միաժամանակ: Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգան առաջինն է ցանկություն հայտնել ներմուծել Hawk-Eye համակարգը: Նախատեսվում էր այն ներմուծել մինչև 2012/13թթ. մրցաշրջանի մեկնարկը, սակայն կազմակերպիչները չկարողացան կարճ ժամանակահատվածում այն տեղադրել 20 մարզադաշտերում, և գործընթացը հետաձգվեց մինչև 2013/14թթ. մրցաշրջանի մեկնարկը: Hawk-Eye-ն արդեն տեղադրվել է «Ոեմբլի» մարզադաշտում: Համակարգերը կփորձարկվեն 2012թ դեկտեմբերին Ճապոնիայում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության, ինչպես նաև Կոնֆեդերացիայի գավաթի 2013թ. խաղարկության ժամանակ:
Բացի այդ, Smallfry ընկերությունն առաջարկում է ֆուտբոլիստների պաշտպանիչների ստորին մասում տեղադրել հատուկ չիպեր (Red FIR), որոնք տվյալ ֆուտբոլիստի հետ բախումների արդյունքում ազդանշան կհաղորդեն մրցավարներին: Արդյունքում` իսպառ կվերանան ֆուտբոլիստների կողմից թատերական ներկայացումները, և սիմուլյացիայի դիմող խաղացողներն արժանի պատիժ կստանան: Red FIR-ը կարող է ֆիքսել նաև գնդակի ու ֆուտբոլիստի դիրքը` փոխանցում կատարելու պահին և մրցավարին ազդանշան ուղարկի խաղից դուրս վիճակի վերաբերյալ: Համակարգը կարող է 1 վայրկյանում 1000 ազդանշան ուղարկել:
Շեֆիլդի համալսարանի պրոֆեսոր Ֆիլ Գրինը ստեղծել է հատուկ չիպեր, որոնք ունեն փոքր չափեր և կարող են տեղադրվել ֆուտբոլիստների մարզաշապիկներին: Չիպերը գրանցում են ձայնային ալիքները: Դրանց կիրառման պարագայում կհեշտանա մրցավարների և կարգապահական կոմիտեների աշխատակիցների աշխատանքը, որոնք կարող են պատժել հայհոյանքներ կամ ռասիստական արտահայտություններ թույլ տված ֆուտբոլիստներին:
Հուսանք, որ նորագույն տեխնոլոգիաների ներմուծման մասին որոշումը կընդունվի, իսկ ֆուտբոլը կդառնա ավելի արդար ու դիտարժան:







































