Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի Լա Լիգայի 34-րդ տուրի «Վալյադոլիդ»-ի դեմ հանդիպումից առաջ ընդգծել է, որ միայն մնացած երեք խաղերում հաղթանակներն իր թիմին թույլ կտան նվաճել երկրի չեմպիոնական տիտղոսը:
Իտալացի մասնագետը չի կասկածում, որ «Բարսելոնա»-ն վերջին տուրի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ մրցավեճում կանի ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տոնի: Միայն այդ արդյունքն «Արքայական ակումբ»-ին առաջնությունում հաղթելու հնարավորություն կտա:
«Մնացած հանդիպումներում հաղթանակներ տոնելը միակ ելքն է մեզ համար: «Ատլետիկո»-ն ներկա պահին առավելություն ունի: Եթե թիմը հավաքի չորս միավոր, ապա չեմպիոն կդառնա: Մեր նպատակն է` հաղթել բոլոր խաղերում, իսկ թե դրա արդյունքում ինչ կստացվի, հետո կտեսնենք: Ես վստահ եմ, որ «Բարսելոնա»-ն ցանկանում է հաղթել «Ատլետիկո»-ին: Վերջին տուրի բոլոր հանդիպումները միաժամանակ են կայանալու: Մեզ մոտ շատ անկանխատեսելի մրցաշրջան է ստացվում: Թիմերը պայքարում են մինչև վերջ»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է AS-ը:









































