Խաղամոլ մարդը կարող է մի օր էլ տանուլ տալ սեփական կնոջը։ Խոսելով խաղամոլության և դրա հնարավոր հետևանքների մասին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանը։
«Երբ մարդը սկսում է խաղալ և կանգ չառնել, հետզհետե դա դառնում է իր ապրելակերպի մի մաս, նա խաղատներից այն կողմ ոչինչ չի տեսնում: Անտեսում է ընտանիքը, ընկերներին, և շրջապատող ամեն ինչ նրա համար այլևս անհետաքրքիր է թվում: Պատահել են դեպքեր, երբ մարդը խոշոր գումար տանուլ տալու պատճառով ինքնասպանություն է գործել: Իհարկե, խաղալն էլ ժամանցի մի ձև է, կուտակված էներգիայի սպառման միջոց, բայց երբ խաղատներում ժամանակ անցկացնելը դառնում է առօրյայիդ անբաժանելի մի մասը, դա արդեն վտանգավոր է»,- ասաց հոգեբանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք խաղամոլությունը պաշտոնապես դասվում է հիվանդությունների շարքին, Ռ. Պողոսյանն ասաց. «Ոչ թե խաղամոլությունն է հիվանդություն, այլ խաղից կախվածությունը: Նման մարդիկ փախչում են իրականությունից: Մարդիկ խաղամոլության արդյունքում տանուլ են տալիս իրենց բնակարանը, ունեցվածքը և արդյունքում դառնում են մուրացկան կամ հարբեցող: Իմ պրակտիկայում հանդիպել են դեպքեր, երբ մարդը դիմել է մեզ, որպեսզի ազատվի խաղամոլությունից: Այլ երկրներում չգիտեմ, բայց Հայաստանում դիմողները միայն արական սեռի՝ 25-45 տարեկան մարդիկ են: Եվ լավ է, երբ մարդը գիտակցում է դրա լրջությունը և դիմում հոգեբանի աջակցությանը: Մենք սկզբում զրույցներ ենք ունենում, թե որտեղից, որ տարիքից սկսեց տվյալ անձնավորությունը խաղալ, և հետագայում քայլ առ քայլ փորձում ազատել մարդուն այդ կախվածությունից: Վերջին մեկ տարվա ընթացքում ինձ դիմել է 6 մարդ: Նրանք սկզբում ունեցել են երազանքներ, որոնք չեն կարողացել իրականացնել, և հետագայում այդօրինակ խաղերն օգտագործել են որպես երազանքներին հասնելու միջոց: Եղել են նաև իմ պրակտիկայում դեպքեր, երբ հասուն մարդիկ արտասվել են, որովհետև դրանից ազատվելու ելք չեն տեսել, կորցնում են իրենց ընտանիքները՝ կինը ամուսնալուծվել, գնացել է և այլն»:
Ռուբեն Պողոսյանն անդրադարձավ նաև խաղադրույք կատարողներին և նշեց, որ խաղատներում խաղալն ու խաղադրույքներ անելը միանգամայն տարբեր բաներ են. «Այսօր քո սիրած հավաքականի խաղը կա, վաղը՝ ոչ, այսինքն այսօր խաղադրույք կարող ես անել, վաղը՝ ոչ: Խաղադրույք անելն ավելի շատ նման է նրան, որ երբ մարդը սիրած երգիչ է ունենում, պատրաստ է վճարել ցանկացած գումար՝ նրա համերգին գնալու համար: Ամեն օր համերգ չի լինում, ամեն օր քո սիրած հավաքականը չի խաղում: Ես դա խաղամոլություն չէի համարի, և առհասարակ իմ պրակտիկայում չեն գրանցվել այնպիսի դեպքեր, երբ մարդը խաղադրույք անելու պատճառով ինչ-որ բան կորցնի»։










































