Հայաստանի թատերական գործիչների միությունը նոյեմբերի 1-7-ը Երևանում կանցկացնի Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VII հանրապետական փառատոնը: Այս տարի փառատոնին կներկայացվի 11 ներկայացում` Երևանի, Գյումրիի և Վանաձորի թատրոններից: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին Հայաստանի թատերական գործիչների միությունից:
Փառատոնի ընթացքում աչքի ընկած բեմադրիչները 2013թ. ամռանը կմեկնեն Մոսկվա` Ա. Չեխովի անվ. միջազգային թատերական փառատոնին կից վարպետության դասերին մասնակցելու:
Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 7-րդ հանրապետական փառատոնին մասնակցում են մինչև 35 տարեկան բեմադրիչների այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանի ընթացքում:
Նշենք, որ ներկայացումների քննարկումներն անցնում են անվանի մասնագետների, երիտասարդ թատերագետների և հանդիսատեսի մասնակցությամբ:
Փառատոնին կմասնակցեն Անի Հարությունյանը, Իշխան Ղարիբյանը, Սամսոն Մովսիսյանը, Սուսաննա Աղայանցը, Դավիթ Հարությունյանը, Սիլվա Չոբանյանը, Գոռ Մարգարյանը, Վարդուհի Գրիգորյանը, Տիգրան Սուքիասյանը, Միքայել Աթասունցը, Երվանդ Ենգիբարյանը:
Առաջին անգամ փառատոնն անցկացվել է 2006թ.: Փառատոնը հիմնադրվել է ՀԹԳՄ կողմից` ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ: