Մեկը մտնում է վերելակ և տեսնում, որ դռնապանը անկյունում կարիքներն է հոգում: Նա էլ սիգարետ է վառում՝ հոտը չզգալու համար: Դռնապանն ասում է՝ վերելակում ծխելն արգելված է, սիրելիս: ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն այս անեկդոտը հիշել էր նախագահ Սերժ Սարգսյանի՝ իրավապահ համակարգի ղեկավարների հետ օրերս անցկացրած խորհրդակցությունը դիտելիս:
«Նույն դատախազները մի քանի տարի առաջ սիրով կատարում էին նույն Սերժ Սարգսյանի և նրա նախորդի հրահանգները: Հարյուրավոր մարդկանց ձերբակալեցին, գործեր սարքեցին: Հիմա էդ մարդը, որ այդպիսի հրահանգներ է տվել, ինչ-որ օրինականություն է պարտադրում»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է Կարապետ Ռուբինյանը: Հասարակությունը, ըստ Ռուբինյանի, չի հավատում նախագահի անկեղծությանը:
«Այս իշխանութունները տապալվել են գործունեության բոլոր ոլորտներում: Հիմա գործունեության իմիտացիա է, որ վաղը ինչ-որ շարմազանովներ վեր կենան ու ասեն՝ տեսեք, նախագահը պայքարում է վատ երևույթների դեմ: Եկել է նախընտրական շրջան, և Սերժ Սարգսյանն ասում է, թե որպես նախագահ կարող է ինչ-որ բան անել: Իշխանությունը փոխվելու ռեսուրս չունի: Այս համակարգը ստեղծվել է հանցավոր համաձայնությունների հիման վրա ու անհնար է այս համակարգը մի քանի օրում կամ ամսում համակարգ դարձնել»,- ասել է ընդդիմադիր գործիչը: Ըստ նրա՝ մեր կառվարությունը «ֆինանսական ճգնաժամի ռեկորդ սահմանած» կառավարություն է և պետք է վաղուց հեռացած լիներ:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այն, ըստ Ռուբինյանի, գոնե այս պահի դրությամբ ջախջախված վիճակում է, և որպես հետևանք՝ հասարակության մոտ կա մեծ հիասթափություն, և հավատի նշույլ չի մնացել ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ: Ընդդիմության ջախջախված լինելը, ըստ նրա, ոչ մի կերպ չի նպաստում երկրի զարգացմանը: Պետք է հիմա շարժում լիներ, այնինչ ժողովրդին պայքարի տարած քաղքական ուժը հետ կանգնեց ճանապարհի կեսից:
«4 ամսում պետք է հրաշք լինի, որ մի գործիչ լինի, ում հանրությունը կվստահի և հետևից կգնա դեպի նախագահական ընտրություններ: Բայց կարելի է ընդդիմադիր համախմբում ներկայացնել և գնալ նախագահական ընտրությունների՝ փոխել կառավարման համակարգը, նախագահական ինստիտուտից անցում կատարել խորհրդարանական համակարգի, փորձենք արդար ընտրությունների մեխանիզմ դնել: Նորովի մտածող, ինքնազոհության պատրաստ քաղաքական դեմքերի համախմբում, որը կարող է տանել 99 տոկոսով ընդդիմադիր տրամադրված ժողովրդական զանգվածներին»,- ասել է Կարապետ Ռուբինյանն ու հավելել, որ խոսքն իր մասին չէ:











































