«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:
– Օրեր առաջ մահմեդականների Կուրբան-Բայրամ տոնի կապակցությամբ Սիրիայում հրադադար հաստատելու առաջարկ էր արել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին։ Սիրիայում ավարտվել է արդեն օրեր առաջ ուժի մեջ մտած ժամանակավոր հրադադարը երկրի իշխանության և ընդդիմության միջև։ Ինչպիսի՞ն էին պատերազմող կողմերի գործողությունները հրադադարի ընթացքում, պահպանվե՞ց երկրում հայտարարված հրադադարի ռեժիմը:
– Իրականում զինադադարը պարզապես տեսական խոսակցություն էր, գործնականում ոչ մի զինադադար տեղի չունեցավ: Ընդհանրապես` բոլոր քաղաքներում և ճակատներում մարտերն ու բախումները շարունակվել են, ազատբանակայինները նոր ճակատներ են գրավում, իսկ իշխանական բանակը վերադարձնում է դրանք: Այս ամենի մեջ ժողովրդի սիրտն էր ցավում, որը շարունակում էր կորուստներ տալ: Յուրաքանչյուր հանգրվանում ժողովրդի հուսախաբությունը իրական էր դառնում` այն պարզ համոզմունքով, որ Բրահիմիի ջանքը միայն խոսակցություն էր, գործնականում ոչ ոք այդ համաձայնությունը չհարգեց: Այսօր վատ վիճակ է նաև Դամասկոսի շրջաններից մեկում, որտեղ մեծ պայթյուն է տեղի ունեցել, և մի քանի տասնյակ զոհեր են գրանցվել, թեև զոհերի և վնասների թիվը դեռ հստակ չէ: Գիտեմ, որ բնակեցված շրջան էր, հայ ժողովրդի մեծ մասն այդտեղ է բնակվում: Չգիտեմ՝ հայ զոհեր կան, թե ոչ: Շատ ցավալի տեղեկություն էր:
– Այս օրերին Հալեպում բնակվող հայերի վիճակն ինչպիսի՞ն է:
– Սիրիահայ համայնքը կենսունակ է, բայց Հալեպում հայերի վիճակը ես կբնութագրեմ այսպես՝ անորոշության մեջ խարխափող իրականություն: Դժբախտաբար, բացահայտվեց գաղութում տիրող անորոշությունը, հստակ դարձավ, որ կարիք կա ավելի կազմակերպված, իմաստուն ղեկավարության: Ես մեկն եմ ղեկավարներից, բայց այսօր ընդհանուր եմ խոսում: Կան քույր համայնքներ, կուսակցություններ, մշակութային միություններ, որոնց անկազմակերպվածության, բացթողումների արդյունքում Սիրիայի հայ գաղութում բացահայտվեցին թույլ կապերը: Տեսեք՝ այսօր շատ կուսակցությունների ղեկավարներ, ազգային իշխանության պատասխանատուներ քաղաքում չեն, իրենք թողել են երկիրը, ներկա չեն, բացակայում են: Ամեն մարդ իր գլխի ճարն է տեսնում: Քչերն են, որ ժողովրդի հետ մնացին: Այդ քչերը անկողմնակալ, անշահախնդիր նվիրյալներ են, որոնք շարունակում են մարդկանց օժանդակություն ցուցաբերել: Այն լավ օրերին, երբ մարդիկ փորձում էին առաջին աթոռները գրավել գաղութում, այլևս երկրում չեն, իսկ համայնքը բարձիթողի վիճակում է:
– Փոքր-ինչ կմանրամասնեք՝ ի՞նչ բացթողումների, անկազմակերպվածության մասին է խոսքը:
– Ես առաջին օրից կարծել եմ, որ Սիրիայի հայ համայնքին պակասում է կազմակերպվածությունը, համայնքը շատ ուշ սկսեց կազմակերպվել: Երբ այդ որոշումը եղավ, համայնքում այլևս մարդ չկար: Գաղութը դատարկ էր` մտքերից, գաղափարներից, մարդկանցից, մեծահարուստներից, վաճառականներից, գործատերերից, արդեն մարդ չէր մնացել: Այսինքն՝ Սիրիայում բախումները մեկ տարի առաջ են սկսվել, մենք միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում կազմակերպվեցինք, փորձեցինք ավելի լուրջ ուշադրություն դարձնել Սիրիայում ստեղծված իրավիճակին: Իսկ եթե ի սկզբանե հայ գաղութը լուրջ մոտեցում ցուցաբերեր այս խնդրին, կարծում եմ` ավելի լավ արդյունք կունենար հայ ժողովուրդը: Պետք էր դիմադրել Սիրիայում ստեղծված իրավիճակին: Մենք հույս ունենք եղած ուժերը միավորել, որպեսզի Սիրիայում մեր ժողովուրդը չպարտվի: Ո՞րն է երաշխիքը, որ մենք մեր ժողովրդին կկարողանանք պահել այստեղ: Պետք էր դպրոցները բաց պահել: Ազգային դպրոցները մինչև այսօր փակված են: Միակ դպրոցը, որը գործում է, Հայ ավետարանական թեթև երկրորդական վարժարանն է, Հայկական բարեգործական ընդհանուր միության Գալուստ Գյուլբենկյանի անվան վարժարանը, բացվելու փոքր փորձ արեց Կրթասիրաց մշակութային միության երկրորդական վարժարանը, նույնը՝ Կիլիկյան ճեմարանը, բայց քաղաքական որոշում կար՝ դպրոցները փակ պահելու: Եթե դպրոցները փակվեն , երեխաների ծնողները իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկի: Այսպիսի իրավիճակ է ստեղծվում՝ ընտանիքի հայրը գործ չունի, երեխան կապված չէ իր կրթական հաստատությանը, և ընտանիքը, բնականաբար, ազատորեն կարող է լքել գաղութը: Իմ առարկությունն այն էր, որ նվազագույնը գոնե աշակերտները դպրոց գնային, այդ դեպքում ընտանիքները այստեղ մնալու պարտավորություն կունենային: Եթե անվտանգ չլինի, դպրոցները պետք է մնան փակ. իսկ եթե երեք տարի տևի այս իրավիճակը, երեք տարի այս դպրոցները փա՞կ պետք է մնան: Սա արդյունք է անկազմակերպ աշխատանքի: Եթե սկզբից ի վեր լուրջ վերաբերվեին, կազմակերպվեին, լավ կլիներ: Եթե ոչ վեց դպրոց, ապա գոնե երկուսը գոնե բաց կլինեին, աշակերտները կհավաքվեին այդ երկու դպրոցներում, կարող էին երկու հերթափոխով ուսանել և օգտվել այդ կրթական հաստատություններից: Ես սխալ եմ համարում ամբողջ կրթական հիմնարկները անհայտ ժամկետով փակ պահելը:
– Իսկ հայկական եկեղեցիներն ինչպե՞ս են գոյատևում: Որոշները բաց են, որոշները՝ փակ: Սրա պատճառը ո՞րն է:
– Սիրիայում գործում է Հայաստանի Ավետարանական եկեղեցին, Առաքելական եկեղեցին և Հայկական կաթողիկե եկեղեցին: Կաթողիկե եկեղեցիները գործում են, ավետարանականները՝ ևս, բայց Առաքելական եկեղեցիները հայտարարեցին, որ փակվում են, բացի մեկից՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց: Այդ եկեղեցում հավաքեցին Հայ առաքելական եկեղեցու բոլոր հետևորդներին, և բոլոր գործողությունները այդտեղ են կատարում, ժողովուրդը մեկտեղվել է այդ եկեղեցում, իսկ Սուրբ Գևորգը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Հակոբը և ևս մեկ եկեղեցի փակ են:
– Այդ եկեղեցիները անվտանգության նկատառումների՞ց են փակվել, թե՞ այլևս միջոցներ չկան դրանք պահելու:
– Կարծում եմ` մասամբ՝ անվտանգության, մասամբ՝ անվտանգության տեսանկյունից պատասխանատվություն չստանձնելու նկատառումներից: Եկեղեցիները կարիք ունեն օգնության, որոշ եկեղեցիների շենքեր վնասվել են, որոնք պետք է վերականգնվեն: Եթե հավատացյալներին նկատի ունենանք, ժողովուրդը միշտ կարիք ունի, նամանավանդ այս օրերին, երբ այս մարդիկ կյանքի ամենատարրական կարիքները չեն կարողանում լուծել:
– Արդեն երկրորդ անգամ Հալեպ է ուղարկվել սիրիահայ աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար օգնությունը: Դա բավարա՞ր է` հոգալու սիրիահայերի առաջնային պահանջները:
– Շնորհակալ ենք Հայաստանից Սիրիա հասնող սննդի և այլ օգնության համար: Շնորհակալ ենք, որ այդքան մեծ աշխատանք են իրականացնում: Բայց որոշ հարցերում ես իմ անհամաձայնությունը պետք է հայտնեմ: Ես անտրամաբանական եմ համարում, որ այդքան պարենամթերք Սիրիա տեղափոխելու համար ավիաընկերությանը տրվել է 100 հազար դոլար: Ես կարծում եմ` ճիշտ կլիներ խորհրդակցել սիրիահայերի հետ` իմանալու համար, թե նրանք ինչի կարիք ունեն: Այդքան մեծ աշխատանք է կատարվում, բայց այն արդյունավետ չէ: Կարծում եմ, որ հանգանակված ամբողջ գումարը պարզապես պետք է բաշխվեր մարդկանց, նրանք իրենք կարող էին իրենց անհրաժեշտ մթերքների վրա ծախսել այդ գումարը:











































