Գերմանիայում առաջին անգամ կառավարական պարգևներ են շնորհվել այն մարդկանց, ովքեր կազմակերպել են մարդկանց փախուստը ԳԴՀ-ից դեպի Արևմտյան Բեռլին և ԳՖՀ: Պարգևատրվել են տասնհինգ գերմանացիներ։ Այս մասին գրում է die Welt-ը:
Կոմունիստական ռեժիմին այս դիմադրությունը, ինչպես թերթն է գրում, երկար ժամանակ հասարակության կողմից լայնորեն չէր ընդունվում: Պարգևներ են տրվել միայն այն անձանց, ովքեր անվճար են օգնել փախչել, կամ գումար են վերցրել միայն փախուստի ծախսերը հոգալու համար:
Փախուստի միջոցները տարբեր էին, սակայն ավելի հաճախ օգտագործվում էր Բեռլինի պատի տակ փորված թունելը կամ Արևմտյան և Արևելյան Գերմանիաների միջև սահմանը: Կազմակերպիչներից շատերն իրենք էլ ավելի վաղ փախել էին ԳԴՀ-ից, այնուհետև օգնել իրենց հարազատներին և ծանոթներին:
Պարգևատրվածներից մեկը ԳԴՀ-ի հեծանվավազքի չեմպիոն Հարրի Զայդելն է: Նա ինքը փախել էր Բեռլինյան պատի կանգնեցնելուց հետո, այնուհետև տարել էր կնոջն ու որդուն: 1962 թվականի սկզբին նա թունել էր փորել սահմանի մոտ գտնվող երկու բնակելի տների միջև, որոնց բաժանում էր ընդամենը 18 մետր:
ԳԴՀ-ում կառավարող Սոցիալիստական կուսակցությունը Զեյդելին իր թշնամին էր հայտարարել: Զեյդելին մի քանի անգամ փորձել էին ձերբակալել, սակայն նրան հաջողվել էր փախչել:
Տարբեր տվյալների համաձայն՝ 1948- 1961 թվականներին ԳԴՀ-ն լքել է երկուսուկեսից երեք միլիոն մարդ: 1961 թ. փախուստը զանգվածային բնույթ է կրել, ինչի պատճառով էլ կոմունիստական իշխանությունները որոշել են ավելի վճռական քայլերի դիմել: Արևելագերմանական սահմանապահներին հրամայված էր կրակել երկիրը լքող բոլոր անձանց վրա: 1961 թ. սահմանն անցնելիս սպանվել էր մոտ հազար մարդ:











































