Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 89-ամյակի կապակցությամբ «Մոբիլիզիացիոն երթի» մասնակիցների նկատմամբ: Օրեր առաջ Անկարայի նահանգապետարանն արգելել էր այս երթի անցկացումը:
Չնայած դրան՝ այսօր բազմաթիվ հասարակական կազմակերպություններ ու քաղաքական կուսակցություններ երթ են կազմակերպել դեպի Ուլուսում գտնվող հին խորհրդարանի շենք: Երթի մասնակիցները վանկարկել են «Մենք Մուսթաֆա Քեմալի զինվորներն ենք», «Թուրքիան աշխարհիկ է, աշխարհիկ էլ կմնա» կարգախոսներ: Երթի մասնակիցները «զինված» են եղել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նկարներով ու պաստառներով և երկրի դրոշներով:
Երթի հետ կապված՝ ոստիկանությունն անվտանգության խիստ միջոցառումներ է ձեռնարկել՝ կառուցելով բարիկադներ: Այստեղ է կենտրոնացվել 5000 ոստիկան: Եվ երբ երթի մասնակիցները փորձել են անցնել բարիկադները, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել նրանց դեմ: Այստեղ են ժամանել նաև Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն և մի շարք ԺՀԿ-ական պատգամավորներ: Ներկայիս դրությամբ պահպանվում է լարված իրավիճակ:








































