Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր պաշտոնապես անցել է պետական գրասենյակում իր գործառույթների իրականացմանը: Այս կապակցությամբ նա այսօր առավոտյան հանդիպել է լրագրողների հետ և հայտնել, որ իր առաջին աշխատանքային օրը բավական հագեցած է լինելու:
Իվանիշվիլիի խոսքերով՝ այսօր հանդիպելու է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիթ Սագանելիձեի, արտգործնախարար Մայա Պանջիկիձեի, գյուղատնտեսության նախարար Դավիթ Կիրվալիձեի, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի, Վրաստանում ԱՄՆ դեսպանի հետ, որից հետո տեղի է ունենալու կառավարության աշխատանքային նիստը:
Իվանիշվիլին անդրադարձել է իր առաջին արտասահմանյան այցին՝ չբացառելով, որ դա կարող է տեղի ունենալ երկու շաբաթ անց, երբ ավարտված կլինի բոլոր նախարարությունների կոմպլեկտավորումը, նշանակված կլինեն նախարարների բոլոր տեղակալները: Նա ընդգծել է, որ իր առաջին արտասահմանյան այցը կարող է տեղի ունենալ կա՛մ դեպի Եվրոպա, կա՛մ դեպի ԱՄՆ:
Մայա Պանջիկիձեն իր հերթին հայտարարել է, որ դեռ հայտնի չէ, թե առաջինը որ երկիր կայցելի Բիձինա Իվանիշվիլին: Պանջիկիձեի խոսքերով՝ շատ բան կախված կլինի նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից, որոնց պատճառով Իվանիշվիլին կարող է առաջին արտասահմանյան այցը կատարել Բրյուսել:











































