Մինչ բանակցային գործընթացին վերադառնալը` հայկական կողմը պետք է Մինսկի խմբի համանախագահներին նախապայմաններ առաջադրեր: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով այսօր Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
Նա նշեց, որ այսօր նախարարների հանդիպումից որևէ հստակ ակնկալիք չունի: Քաղաքագետն այն կարծիքին է, որ այս իրավիճակում Հայաստանը կարող էր նախապայմաններ առաջադրել Մինսկի խմբի համանախագահներին, այնուհետև վերականգնել իր մասնակցությունը Մինսկի խմբի բանակցային գործընթացում:
«Ադրբեջանի քաղաքականությունը` կաշառել այս կամ այն երկրի կառավարությանը, միջազգային գործիչներին, արդեն ակնհայտ փաստ է, Ադրբեջանը տարբեր ձևերով փորձում է իր շահերն առաջ քաշել: Սա սպառնալիք է Արցախի անվտանգությանը: Ուստի հայկական կողմը պետք է Մինսկի խմբի համանախագահների առջև նախապայմաններ դներ, որ Արցախի հանրապետությունը լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ստանա, նոր սկսվեր Հայաստանի մասնակցությունն այս գործընթացում, բայց դա տեղի չունեցավ: Այդ նախապայմանների մասին մենք այդպես էլ չլսեցինք: Նախապայման կարող էր լինել նաև այն, որ հայկական կողմը համանախագահող երկրներին պահանջ ներկայացներ Արցախի ճանաչումը, այսինքն՝ ստատուսի հարցը կլուծվեր: Իսկ միջազգային ճանաչումը կապահովեր անվտանգության երաշխիք»,- մեկնաբանեց Մ. Մայիլյանը:
Նշենք, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Փարիզում:
Հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:










































