Բելառուսցի թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկան, որը WTA-ի Ստամբուլի Ամփոփիչ մրցաշարի շրջանակներում 7:6 (7:4), 6:3 հաշվով հաղթանակ տարավ չինուհի Լի Նայի հանդեպ՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ, խոստովանել է, որ ինքը երազում էր թենիսի առաջին ռակետ դառնալու մասին:
«Դժվար է հավատալ, որ Բելառուսը ներկայացնող մի փոքրիկ աղջիկ գլխավորում է WTA մրցաշարային աղյուսակը: Սա իսկապես անհավանական նվաճում է: Երբ սկսում էի թենիսով զբաղվել, գլխումս այդպիսի միտք կար, որ օրերից մի օր ես կհասնեմ այս արդյունքին: Այդ օրվանից շատ ժամանակ է անցել: Ինձ համար սա նման էր երկնքում ճախրելուն: Հիմա ես ճախրում եմ երկնքում, իսկ դա անբացատրելի զգացողություն է»,- ասել է 23-ամյա թենիսիստուհին:
Նշենք, որ կիսաեզրափակչում Ազարենկայի մրցակիցն է Մարիա Շարապովան:



































