Մեծ Բրիտանիան դուրս է եկել «կրկնակի ռեցեսիայից» (ճգնաժամից հետո ՀՆԱ կրկնակի անկում) այն բանից հետո, երբ 2012 թ. երրորդ քառորդում երկրի ՀՆԱ-ն ավելացել է 1 տոկոսով: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, աճի բավական բարձր ցուցանիշի հիմնական պատճառը դարձել են օգոստոսին Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերը:
Միայն միջոցառման տոմսերի վաճառքը ՀՆԱ վերջնական ցուցանիշն ավելացրել են 0.2 տոկոսով: Ծառայությունների ոլորտն ընդհանուր առմամբ ավելացել է 1.3 տոկոսով, արդյունաբերական արտադրությունը՝ 1.1 տոկոսով, իսկ շինարարության ծավալն ընկել է 2.5 տոկոսով:
Տնտեսության աճը գերազանցել է վերլուծաբանների սպասելիքները, որոնք ենթադրում էին, որ ՀՆԱ-ն կավելանա միայն 0.6 տոկոսով:
Չնայած ռեցեսիայից դուրս գալուն, Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն նախկինի պես շարունակում է 2008 թ. ցուցանիշից ցածր մնալ 3.1 տոկոսով: Տնտեսությունը 1975 թ. հետո առաջին անգամ էր բախվում կրկնակի անկման հետ: Տնտեսագետներն ակնկալում են, որ հաջորդ տարի երկրի ՀՆԱ-ն չի վերադառնա նախաճգնաժամային մակարդակի, իսկ ոմանք անգամ սպասում են եռակի ռեցեսիայի:
Նշենք, որ երկու շաբաթ անց Անգլիայի բանկը որոշում կկայանցի 375 մլրդ ֆունտ ստերլինգի ակտիվների գնման ծրագիրն ընդլայնելու կամ շարունակելու վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, այդ միջոցառումը կպահպանվի, քանի որ տնտեսությունն առայժմ խթանման կարիք ունի:
Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհի խոշոր տնտեսություններից առաջինը, որը հայտարարարել է իր ՀՆԱ քառորդային ցուցիչների մասին: Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ առևտրի նախարարությունը կհայտարարի ամերիկյան տվյալները, իսկ հաջորդ շաբաթվանից հաշվետվություններ կներկայացնեն Կենտրոնական Եվրոպայի և Արևելյան Ասիայի երկրները:








































