Բրիտանական Նոթինգհեմի Cineworld կինոթատրոնում «Մադագասկար-3» ֆիլմի փոխարեն երեխաներին սպասվել է դաժան անակնկալ: Ծիծաղելի մուլտֆիլմային հերոսների փոխարեն երեխաները ականատես են եղել «Պարանորմալ տեսիլք-4» սարսափ ֆիլմի սկզբին, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է կնոջ արնաշաղախ մարմինը նետվում բանտախուցը,- հաղորդում է News.com.au-ն:
«Այդ տեսարանը ստիպում է տեղից վեր թռչել անգամ հասուն տղամարդկանց, այնպես որ դուք կարող եք պատկերացնել երեխաների սարսափը: Բոլորը պարզապես վազել են դեպի դահլիճի մուտքը, և լսվում էր միայն երեխաների լացն ու բղավոցը»,- պատմել է երեխաներից մեկի ծնողը:
Կինոթատրոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ վերադարձվել են բոլոր այցելուների գումարները, և առաջարկվել են անվճար տոմսեր:
«Մենք հետաքննում ենք կատարվածը ու կարող ենք հաստատել, որ դա եղել է պրոյեկտորի տեխնիկական սխալը: Մենք ներողություն ենք խնդրում ընտանիքներից»,- ասվում է հայտարարության մեջ:










































