ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը շարունակում է խորհրդակցությունները մարզպետարաններում, որոնց ընթացքում քննարկվում են սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը, հրատապ այլ հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխվարչապետն այսօր խորհրդակցություններ է անցկացրել Տավուշի և Լոռիի մարզպետարաններում: Ներկայացվել են 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզերի համայնքներում բյուջեների կատարողականի ցուցանիշները: Անդրադարձ եղավ նաև 2013թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին:
Փոխվարչապետը համայնքապետերին հորդորել է մինչև դեկտեմբերի 25-ն ավարտել բյուջեների նախագծերի կազմման աշխատանքները` հաշվի առնելով «2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված դոտացիաների ծավալը: Նա առաջարկեց առավել իրատեսական փաստաթղթեր կազմել` նկատելով, որ դրան նպաստում է նաև մինչև 2008թ. կուտակված ապառքների զրոյացման միջոցով բազաների «մաքրման» օրենսդրական լուծումը: Տարածքային կառավարման նախարարության և մարզպետարանների պատասխանատուներին հանձնարարվեց անհրաժեշտության դեպքում մեթոդական աջակցություն ցուցաբերել համայնքներին:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև արդյունավետ վարչարարության հետ կապված հարցեր. այս համատեքստում համայնքապետերն անդրադարձան դատական համակարգի հետ հանդիպող բարդություններին: Նրանք փոխվարչապետին առաջարկեցին համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով առավել դյուրացնել համայնք-դատարան շղթայում գործող մեխանիզմները: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, և այդ ուղղությամբ Արդարադատության նախարարության հետ աշխատանքներ են իրականացվում:
Տեղեկություններ են ներկայացվել նաև մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին:







































