Վերաքննիչ քրեական դատարանում Արմեն Դանիելյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Գոռ Կիրակոսյանի շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքի քննությունը:
24-ամյա Գոռ Կիրակոսյանը մեղադրվում է անչափահաս՝ տասնվեցամյա աղջկա բռնաբարության, անվանարկելու սպառնալիքով նրանից շորթում կատարելու, մեկ այլ նույն տարիքի աղջկա վստահությունը չարաշահելով՝ ոսկեղեն հափշտակելու համար:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի հուլիսի 25-ի դատավճռով հաստատված է գնահատել Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքները և նրան դատապարտել 7 տարի ազատազրկման:
Դատավճիռը բողոքարկել է Գոռ Կիրակոսյանի շահերի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը: Նա միջնորդել է բռնաբարության և շորթման մասով քրեական գործը կարճել՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ, իսկ խարդախության համար նշանակել մեղմ պատիժ, կիրառել համաներում:
Այսօր մեր զրույցի ժամանակ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ռ. Սաֆարյանն ասաց, թե իր 30-ամյա քննչական և 16-ամյա փաստաբանական պրակտիկայում դժվարանում է հիշել համանման գործ, երբ բռնաբարության համար մարդը մեղավոր է ճանաչվում միմիայն տուժողի ցուցմունքի հիման վրա: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ աղջկա կուսաթաղանթը խախտված չէ, նրա մարմնին որևէ վնասվածք արձանագրված չէ, տնեցիները դեպքից անմիջապես հետո և դրան հաջորդող օրերին ոչինչ չեն նկատել ու չեն կասկածել: Նրանք տեղյակ չեն եղել նաև, որ աղջիկը գիշերները դուրս է գալիս Գոռի հետ հանդիպելու՝ պատճառաբանելով, թե ծնողները խիստ են, թույլ չեն տալիս օրվա ընթացքում տնից դուրս գալ, տղայի հետ հանդիպել: Աղջիկն էլ հանդիպումների համար ընտրել էր գիշերային ժամերը, երբ ծնողները քնած էին լինում:
Տուժածի տատիկը դատարանում տված ցուցմունքում ասել է, թե իր թոռնուհու նկատմամբ բռնաբարություն չի եղել, հակառակ դեպքում ինքը կիմանար, կնկատեր կամ թոռնուհին, որ շատ մտերիմ է իր հետ, կպատմեր:
Ըստ փաստաբանի՝ բռնաբարության վերաբերյալ տուժողի հայտարարություն գործում չկա: Սկզբում տուժողը դրա մասին ոչինչ չի ասել, հետագայում անսպասելիորեն ցուցմունք է տվել: Ընդհանրապես, տուժողի ցուցմունքները հակասական են, միայն այդ ցուցմունքների հիման վրա մարդուն յոթ տարով ազատազրկելը լուրջ սխալ կլինի: «Տուժողը նրբակազմ աղջիկ է, քառասուն կիլոգրամ հազիվ քաշ ունենա, իսկ ամբաստանյալը ուժեղ, հաղթանդամ տղա է, եթե բռնաբարեր, իրոք՝ բռնություն գործադրեր աղջկա նկատմամբ, անպայման մարմնական վնասվածքներ կլինեին, իսկ այդպիսիք իսպառ բացակայում են» ,- ասաց Կիրակոսյանի շահերի պաշտպանը:
Վերաքննիչ քրեական դատարանում գործի քննությանը տուժող կողմը չի ներկայանում: Բռնաբարության վերաբերյալ գործում բռնաբարություն հաստատող փաստերը շատ անորոշ են, և դատական նիստերը անցկացվում են դռնբաց, դռնփակ նիստ անելու իմաստ էլ չկա: Փաստաբանի ունեցած տեղեկություններով՝ տուժած աղջիկն արդեն ամուսնացել է:
Գոռ Կիրակոսյանը իրեն մեղավոր է ճանաչում աղջիկների վստահությունը չարաշահելու, նրանց տան ոսկեղենը նրանց միջոցով ստանալու և իր կարիքներին ծառայեցնելու համար: Ամբաստանյալը համաձայն է պատիժ կրել, բայց միայն՝ կատարածի համար:
Գոռը աղջիկների հետ ծանոթացել էր «Օդնոկլասնիկի՚ սոցիալական ցանցի միջոցով, կարողացել էր գրավել նրանց դեռահասական ուշադրությունը և համակրանքը: Երիտասարդը պարտքեր ուներ և դյուրահավատ աղջիկներին սեր խոստովանելով՝ կարողացել էր դյութել նրանց սրտերը, գիշերային հանդիպումների դուրս բերել, մինչև անգամ՝ իր հյուրանոցային համարը տանել աղջիկներից մեկին, սակայն սեռական հարաբերություններ նրանց հետ չէր ունեցել՝ ըստ իր պնդումների:
Կիրակոսյանի հետաքրքրություններն այլ էին, նա ուրիշ նպատակ էր հետապնդել՝ ըստ պաշտպանական կողմի, ու աղջիկներից նրանց տան ոսկեղենը ստանալով՝ արդեն իսկ հասել էր իր նպատակին: Աղջիկներն իրենց տան ոսկեղենը տվել էին՝ երիտասարդին՝ «իրենց ընկերոջը», օգնելու նպատակով՝ հավատալով, թե նա շուտով գրավադրած ոսկեղենը վերադարձնելու է: Աղջիկները ճանաչում էին Գոռին, նրա ընտանիքը, որովհետև նույն թաղամասում էին ապրում, Գոռը անծանոթ մեկը չէր և մինչև ոսկեղենի հափշտակության մասին տուժողի ծնողների հայտարարությունը՝ թաքնված չի եղել:
Այսօրվա դատական նիստը չկայացավ՝ դատավորներից մեկի՝ այլ գործով դատարանի կազմում ընդգրկված լինելու պատճառով:









































