Հանրային հեռուստաընկերությունը նրա համար չէ, որ ֆիլմ նկարի, այն էլ այնպիսի քարոզչությամբ, որ բթացնի մեր երեխաներին, քարոզի, որ մեր երեխաները չունենան իրենց հանրապետության քաղաքացի լինելու զգացում, շեղվեն ՀՀ քաղաքացի լինելու զգացումից, այլ պետք է հասարակության մեջ սերմանի պարտավորություն՝ քաղաքացի դաստիարակելու. այսօր ԱԺ նիստում նման հայտարարություն արեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Փաստորեն՝ ՀՀԸ նկարած ֆիլմերը օգտագործում են մեր դեմ: Բայց երբ մենք ենք վճարում, մեր կամքը պետք է իրականացնեն: ՀՀԸ-ն պետք է զերծ մնա սերիալներ արտադրելուց: Այսօր ինչ որ հեռարձակվում է, կապ չունի մշակույթի հետ»,- ասաց Զ. Փոստանջյանը:
Նրա բնորոշմամբ՝ «02»-ը և «Զինուժ»-ը հիշեցնում են ԽՍՀՄ-ի հաղորդումները, «Զինուժը» կապ չունի բանակում տեղի ունեցող իրականության հետ: «Քարոզեք այն, որ մեր բանակը դառնա իրապես ազգային բանակ: Այդ «Զինուժ»-ը որևէ կերպ չի նպաստում Ազգային բանակ ունենալուն և այն բանին, որ մեր երեխաները ծառայեն բանակում»,- կոչ արեց Զ. Փոստանջյանը՝ հավելելով, որ ՀՀԸ-ն պետք է ապագայում հրաժարվի սերիալներից, չզբաղվի գովազդային եթերաժամ տրամադրելուց, կամ դա պետք է լինի թափանցիկ:
Նա նաև հայտարարեց, որ 2011-ին որևիցե քաղաքական բանավեճ Հանրայինում չի եղել:








































