Ճապոնական NTT Docomo բջջային օպերատորը նոյեմբերի 1-ից գործարկում է բջջային հեռախոսով խոսակցությունները թարգմանող ծառայությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ծառայության աշխատանքը NTT Docomo-ն ներկայացրել է CEATEC ցուցահանդեսի ժամանակ:
Թարգմանությունը կիրականացվի ավտոմատ կերպով և իրական ժամանակի ռեժիմում: Հայտնի է, որ այն կլինի անվճար: Ծառայության միջոցով տարբեր լեզուներով խոսող մարդիկ կշփվեն միմյանց հետ առանց «կենդանի» թարգմանչի:
Ծառայությունից օգտվել կարող են միայն Android 2.2 և ավելի ուշ տարբերակների օպերացիոն պլատֆորմներով սմարթֆոնների տերերը: Դրա համար նրանք պետք է տեղադրեն հատուկ հավելվածը: Խոսակցության ժամանակ օգտատերը լսում է ոչ միայն արտահայտության թարգմանությունը, այլև հեռախոսի էկրանին տեսնում թարգմանված տեքստը: Նշվում է, որ թարգմանությունը ոչ միշտ կարող է ճիշտ լինել;
Թողարկման պահին ծառայությունը թարգմանություն կկատարի ճապոներենից անգլերեն, կորեերեն, չինարենի որոշ բարբառներ և հակառակը, սակայն հետագայում ծրագրվում է լեզուների շարքն ընդլայնել` կներառվեն նաև գերմաներենը, ֆրանսերենը, իտալերենը, պորտուգալերենը, իսպաներենը, թաիլանդերենը:
Հավելվածը թարգմանության հետ կապված NTT Docomo-ի միակ ծառայությունը չէ: Հոկտեմբերի 11-ին բջջային օպերատորը Android օպերացիոն համակարգով հեռախոսների համար թողարկել է սրճարանների և ռեստորանների մենյուների թարգմանիչ ծառայությունը: Թարգմանություն իրականացնելու համար պահանջվում է բջջայինով լուսանկարել մենյուի անհրաժեշտ հատվածը:
Հեռախոսային խոսակցությունների թարգմանչական ծառայություններ են մշակում նաև Alcatel-Lucent-ը և Microsoft-ը: Վաղուց արդեն կիրառության մեջ են Vocre և Lexifone ավտոմատ թարգմանիչները:









































