Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արկադի Ղումաշյանի կողմնից այսօր` հոկտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 05:40-ի սահմաններում տեղի ունեցած վթարի փաստով նախապատրաստված նյութերը ուղարկվելու են ՀՀ զինվորական դատախազություն:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը 27-ամյա Գրիգոր Գրիգորյանն էր , ով ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում (Քարվաճառ) որպես վաշտի հրամանատար, կոչումով կապիտան էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, այսօր` հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում «Օպել» մակնիշի 33 ՏD 754 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և 20 մետր գլորվելով` գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով վարորդը մոտ 10 մետր ավտոմեքենայից դուրս էր շպրտվել և տեղում մահացել: Ավտոմեքենայի` ծառերին հարվածելու հետևանքով հաստաբուն ծառը արմատախիլ էր եղել և մի քանի տեղից կոտրվել, իսկ ավտոմեքենայում առաջացել էր հրդեհ, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին մոխրացել էր:
Վթարի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:
Տեղում են եղել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար վարչության Հրազդան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատը` մեկ մարտական հաշվարկով:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Արկադի Ղումաշյանը:
Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանման տարածք:
shamshyan.com-ը հայտնում էր, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան Արաբկիր վարչական շրջանի Բարբուսի 63 շենքի բնակիչ, 55-ամյա Միխայել Գրիգորյանի անվամբ:








































