Եվրոպական առաջատար առաջնություններում շարունակվում է 2012/13թթ. մրցաշրջանը: Այս week end-ին կկայանան հերթական տուրերը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղը լոնդոնյան դերբին է. «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում բախվելու են «Տոտենհեմ»-ն ու «Չելսի»-ն: Թիմերը միմյանց հետ հանդիպել են 128 անգամ: 43 անգամ հաղթել է «Տոտենհեմ»-ը, 53 անգամ՝ «Չելսի»-ն, իսկ 32 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Պրեմիեր լիգայի առաջատարը 5-րդ տեղում գտնվող «Տոտենհեմ»-ին չի պարտվում վերջին 5 խաղերում: «Արիստոկրատները» վերջին 20 խաղերում հաջողության չեն հասել «Ուայթ Հարթ Լեյն»-ում: Բացի այդ, «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն այդ հանդիպմանը մասնակցելու դեպքում իր 500-րդ խաղը կանցկացնի Պրեմիեր լիգայում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ իր ուժերը կչափի «Սթոք Սիթի»-ի հետ, որը 7-րդ տուրում «Լիվերպուլ»-ի հարկի տակ կայացած խաղը կարողացավ 0:0 հաշվով ավարտել: «Մանչեսթեր Սիթի»-ն մրցակցի հարկի տակ կխաղա «Վեսթ Բրոմվիչ»-ի հետ, որը 14 միավորով «Էվերթոն»-ի և «Տոտենհեմ»-ի հետ կիսում է 4-6-րդ տեղերը: «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ խաղա «Ռիդինգ»-ի, իսկ «Արսենալ»-ն արտագնա խաղում կփորձի հաջողության հասնել «Նորվիչ»-ի նկատմամբ: 8-րդ տուրում կկայանան նաև հետևյալ խաղերը՝ «Ֆուլհեմ» – «Ասթոն Վիլա», «Սուոնսի» – «Ուիգան», «Վեսթ Հեմ» – «Սաութհեմփթոն», «Սանդերլենդ» – «Նյուքասլ» և ՔՓՌ – «Էվերթոն»:







































