Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ կողմ է արտահայտվել քրդամետ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) հետ բանակցություններ սկսելուն՝ քրդական հարցի լուծման համար:
Գյուլն անհրաժեշտ պայման է համարել քրդական հարցի լուծման նպատակով ԽԺԿ-ի հետ բանակցություններ սկսելը: Գյուլի կարծիքով՝ քրդական հարցի ճակատագիրը կպարզվի մոտ ապագայում, ինչի համար էլ պետք է այդ խնդրի նկատմամբ ցուցաբերել առանձնահատուկ ուշադրություն:
ԽԺԿ-ի պատգամավորները ողջունել են դա՝ ընդգծելով, որ պատրաստ են երկխոսություն սկսել Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ՝ հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու և բռնություններին վերջ դնելու համար:








































