Google կորպորացիան սպառնացել է որոնողական արդյունքներից հեռացնել ֆրանսիական մեդիա կայքերը: Նման սպառնալիքը պատասխանն է դարձել համացանցում որոշակի կայքերի մուտքի հարկ սահմանելու՝ Ֆրանսիայի իշխանությունների նախաձեռնության: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը ներկայացրել էր օրինագիծ, համաձայն որի՝ խորհրդարանի կողմի հավանության արժանանալու դեպքում, Google-ը պետք է վճարեր գերմանական հրատարկություններին՝ համացանցում իրենց հոդվածների հղումների հիշատակման համար:
Պաշտոնյաները հայտնում են, որ խոսքը «հեղինակային տարրական իրավունքների ճանաչման մասին» է: Ֆրանսիայի իշխանությունները որոշել են աջակցել գործընկերների նախաձեռնությանը:
Google-ում նշել են, որ որոնման արդյունքներում բերվում են այնպիսի նյութերի հղումներ, որոնք արդեն ազատ հասանելի են:
Տպագիր մամուլի մի շարք ներկայացուցիչներ նշում են, որ իրենց եկամուտներն ընկել են օնլայն աղբյուրների աճող մրցակցության պատճառով, մինչդեռ Google-ը վիթխարի եկամուտներ է ստանում՝ ցուցադրելով որոնման արդյունքների շարք: