ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածում շատ ներկայացված են կանայք, միջնակարգ կրթություն ունեցողները, մասնավոր սեկտորում աշխատող մարզային ընտրողները. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով քաղաքական գործիչների ընտրազանգվածի առանձնահատկությունները, նրանց նկատմամբ համակրանքն ու հակակրանքը:
Ըստ սոցիոլոգի՝ Գագիկ Ծառուկյանին ընկալելու չափորոշիչը նրա բարի մարդու կերպարն է, որը լավ խոստումներ է տալիս, լավառատես է: Նա պարզաբանեց նման համակրանքի պատճառը՝ ասելով, որ եթե մարդը սիրահարվում է մեկին, բացասական կողմերը չի կարևորում, իսկ երբ մեկի հետ թշնամացած է, սկսում է քննադատել՝ անկախ ամեն ինչից: Նա նաև ներկայացրեց, թե ովքեր են գործող նախագահի ընտրողները՝ և՛ տղամարդիկ, և՛ կանայք, սակայն մեծամասնություն են կազմում տղամարդիկ, բարձրագույն կրթություն ունեցողները և պետծառայողները:
«Եթե Ծառուկյանն առաջադրվի նախագահ՝ ինչպե՞ս նա պետք է պայքարի: Նրա խնդիրն ընդդիմադիր դաշտի մյուս թեկնածուների հետ է, նա պետք է պայքարի Րաֆֆի Հովհաննիսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, քանի որ իշխանական դաշտի ընտրողներն արդեն իսկ կողմնորոշված են»,- նկատեց Ադիբեկյանը:
Խոսելով համակրանքից ու հակակրանքից՝ նա ասաց, որ ամենախիստ գնահատականն ու ամենամեծ հակակրանքն ունի Լևոն Տեր-Պետրոսյանը. նրան գնահատողների մեկ երրորդն է դրական պատասխան տվել, նրա մասին հարցերին պատասխան է տվել հարցվածերի տասներկու տոկոսը:
Անդրադառնալով խոսակցություններին, թե ինքը Ծառուկյանին միասնական թեկնածու է դարձնում՝ նա ասաց, որ այդպես չէ, ինքը ներկայացնում է միայն հանրային կարծիքը:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի 30% հակակրանք իր նկատմամբ, 70%` համակրանք, իսկ Սերժ Սարգսյանն ունի 20% բացասական վերաբերմունք իր նկատմամբ, մնացածը՝ դրական: Ծառուկյանին 90% դրական գնահատական են տվել»,- պարզաբանեց Ահարոն Ադիբեկյանը:








































