Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման ջոկատները Իսրայելի հետ սահմանի մոտից տեղափոխվում են Սիրիայի սահման: Այս մասին հայտնել են Իսրայելի ռազմական աղբյուրները: Ըստ այդ տեղեկությունների՝ մի քանի օր առաջ Սիրիայի Հոմս մարզին սահմանակից Լիբանանի շրջան էին ուղարկվել շիա զինյալներ՝ զինված «երկիր-երկիր» տեսակի հրթիռներով, որոնցով նրանք հրթիռակոծում էին իսրայելական տարածքները:
Աղբյուրների տվյալներով՝ «Սիրիա են ուղարկվել Հարավային Լիբանանում Լիտանի գետի երկայնքով «Հըզբոլլահի» պաշտպանության հիմնական գիծը ձևավորող ջոկատները: Միաժամանակ, իսրայելական սահմանին մոտ գտնվող շիայական գյուղերում տեղակայված զինյալները մնում են իրենց տեղերում: Սակայն զորքերի տեղափոխությամբ նրանք զրկվում են հրազենային աջակցությունից, ինչպես նաև հրթիռային սարքավորումներից, որոնք մինչ այժմ կային նրանց տրամադրության տակ»:
Ռազմական աղբյուրները պնդում են, որ սա առաջին դեպքն է, երբ այդ շրջանում տարբեր տիպերի, այդ թվում «երկիր-երկիր» տեսակի հրթիռների տեղափոխումն իրականցվում է Սիրիայի ուղղությամբ և ոչ թե հակառակը, ինչպես որ տեղի էր ունենում վերջին 10 տարիներին:
Իսրայելցի վերլուծաբանների կարծիքով՝ այդ տեղաշարժերը վկայում են այն մասին, որ այս փուլում «Հըզբոլլահը» չի վախենում Իսրայելի կողմից պատասխան հարվածից:






































