Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի հարցի վերաբերյալ` իր պետության, Իրանի և Եգիպտոսի մասնակցությամբ:
Al Jazeera-ի հաղորդմամբ՝ այսպիսի առաջարկությամբ է հանդես եկել թուրք վարչապետը` դիմելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին` Ադրբեջանի մայրաքաղաքում տնտեսական համագործակցության կազմակերպությունների գագաթնաժողովի շրջանակներում:
Ըստ լրատվամիջոցի` վերադառնալով հայրենիք` Էրդողանը հայտարարել է, որ հանդիպումը ցանկության դեպքում կարող է երկու ձևաչափով տեղի ունենալ, դրանցից մեկը ենթադրում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցություն, իսկ երկրորդը` Թուրքիայի , Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի:
Թուրքիայի վարչապետի նախաձեռնության նպատակը այլընտրանքային հանդիպում կազմակերպելն է Սիրիայի հարցի «քառյակի» մասնակցությամբ (Եգիպտոս, Թուրքիա, Իրան և Սաուդյան Արաբիա), որը ստեղծվել է Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի նախաձեռնությամբ: Արդեն հաղորդվել է, որ Սաուդյան Արաբիան հրաժարվել էր մասնակցել այդ հանդիպմանը` Թեհրանի հրավիրված լինելու պատճառով:
Այնուամենայնիվ Սիրիայում հաշտության կնքումը ձգձգվում է, քանի որ զինված ապստամբները չունեն մեկ միասնական առաջնորդ, ով կկնքի համաձայնագիրը: Այս տեսակետն է հայտնել սիրիական կառավարական «Աս Սաուրա» թերթը:







































