Հայաստանում խաղողի մթերման խնդիր չկա, սակայն, չգիտես ինչու, խաղողագործները խուճապի են մատնվել` մտածելով, թե իրենց բերքը չեն մթերում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը:
Ի պատասխան գյուղացիների կողմից վերջերս հնչեցված այն դժգոհություններին, թե «Վեդի Ալկո»-ն իրենց բերքը չի մթերում, Մանվել Ղազարյանն ասաց` այս տարի խաղողի բերքը շատ է, չնայած դրան` իրենք Արենիի տարածաշրջանի խաղողի մեկ կիլոգրամը մթերում են 220 դրամով: Այսօրվա դրությամբ ընկերությունն արդեն 658 տոննա խաղող է մթերել:
Մանվել Ղազարյանը նշեց, որ չնայած իրենք խաղողի կարիք չունեն, բայց մթերումները շարունակում են, որովհետև գյուղացիների նկատմամբ պարտավորություններ ունեն:
Ըստ նրա՝ պետության ներկայացուցիչները և՛ «Վեդի Ալկո»-ում, և՛ մյուս մթերողների մոտ հսկողություն են սահմանում` կապված մթերումների գործընթացի հետ:
Անդրադառնալով Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակչության այն բողոքներին, թե «Վեդի Ալկո»-ն չի մթերում իրենց խաղողը, Մանվել Ղազարյանը նշեց, որ այդ տարածաշրջանում խաղողի բարձր բերք է ստացվել, իսկ «Վեդի Ալկո»-ն չի կարող մեկ օրում հազար տոննա խաղող մթերել:
««Արենի» տեսակի խաղողի մթերման հարցում ամեն տարի առյուծի բաժինը «Վեդի Ալկո»-ին է հասնում: Բայց դա բոլորի պարտավորությունն է. ովքեր «Արենի» անունով գինի ունեն` թող մթերեն: Ընկերություններ կան, որ հայտարարում են, թե կգնեն 300 տոննա խաղող, բայց 30 տոննա են գնում: Կոնտրոլ պետք է արվի, որ որևէ մեկի վրա շատ բեռ չընկնի»,- ասաց նա:







































