«ԶՈւ-ն կազմակերպում է ասուլիսներ, քննարկումներ: Ցանկացած կայքում կարելի է տեսնել ՊՆ մեկնաբանությունները. այս ամենը խոսում է նախարարության աշխատանքի թափանցիկության մասին»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Առաջին լրատվական»-ը զրուցեց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ, զինվորական բարեփոխումներին ուղղված աշխատանքների համար «Խիզախ կին» մրցանակը ստացած Ծովինար Նազարյանի հետ` պարզելու, թե որքանո՞վ են ՊՆ նախաձեռնությամբ կազմակերպված ասուլիսները, մեկնաբանությունները համարվում թափանցիկ գործելաոճի արտահայտություն:
Ծ. Նազարյանի խոսքով` ասուլիսներն ընդամենը ՊՆ տեսակետները ներկայացնելու համար են, եթե ավելի կոպիտ չարտահայտվենք, որ դրանք քարոզչական նպատակ են հետապնդում: Ըստ նրա՝ հանրությանը տրվում է այս կամ այն տեղեկության միայն մի կողմը, որի հավաստիությունը ստուգելու հնարավորություն հանրությունը չունի:
Ծովինար Նազարյանը հիշեցրեց ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով տրված խոստումները:
«Խոստացել էին, որ կստեղծվի ԶՈւ օմբուդսմենի ինստիտուտ, որ բանակը թափանցիկ կլինի հանրային վերահսկողության համար, բայց այդպիսի տեղաշարժ մենք այդպես էլ չենք տեսնում: Իրականում ՀԿ-ների, քաղաքացիական նախաձեռնությունների համար բանակը փակ է, և շատ դժվար է տեղեկություններ ձեռք բերել այն մասին, թե ինչ է կատարվում բանակում, ինչ օրինաչափություններ կան: Հանրային սեկտորն ինքն է փորձում ներխուժել բանակ, երբ տեղեկանում է բանակում բռնության հերթական դեպքի կամ զինծառայողի սպանության մասին»,- ասաց Ծովինարը:
Նրա դիտարկմամբ` ՊՆ-ն բավականին մեծ նահանջ է արձանագրել, որովհետև այն վերջին ժամանակաշրջանում բանակում տեղի ունեցող միջադեպերից ստացվող տեղեկությունների առաջնային աղբյուրը չէ: Բանակում տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ առաջինը հանրությունն է ահազանգում, հետո միայն արձագանքում է ՊՆ-ն:
«Պետք է լինեն հանրային մանդատով օժտված մարդիկ, ովքեր կկարողանան մշտադիտարկման ենթարկել զորամասերը և անկախ կլինեն ՊՆ-ից: Գործում է ՊՆ-ին կից հասարակական խորհուրդը, բայց այն ենթարկվում է նախարարությանը: Որպեսզի հանրությունն այլընտրանքային տեղեկություն ստանալու հնարավորություն ունենա, պետք է հասարակական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ օրինական դիտորդ մարմին ստեղծվի»,- նշեց Ծովինար Նազարյանը:







































