2013 թ. պետական բյուջեից նախագահի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 947 մլն 685 հզ. դրամ (նախորդ տարվա 2 մլրդ 892 մլն 522 հզ. դրամի փոխարեն), այսինքն՝ 1.9 % կամ 55 մլն 163 հզ. դրամով ավելի շատ:
Նախագահի աշխատակազմի անդամները հաջորդ տարի 46 %-ով ավելի բարձր աշխատավարձ կստանան. աշխատակիցների աշխատավարձի և հավելավճարի համար հատկացվելու է 779 667 հզ. դրամ (2012-ի 530 մլն 901 հզ. դրամի փոխարեն), քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրումը նույնպես կավելանա ու կկազմի 21 մլն 399 հզ. դրամ (2012-ի 18 մլն 259 հզ. դրամի փոխարեն): Ընդ որում՝ նախագահի աշխատակազմի աշխատակիցների թիվը հաջորդ տարի կկրճատվի 15-ով՝ դառնալով 370:
Ծառայությունների և ապրանքների ձեռք բերման համար նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 632 մլն 219 հզ. դրամ՝ (2012-ին՝ 1 մլրդ 759 մլն 12 հզ. դրամ), այդ թվում՝ գործուղումների և շրջագայությունների ծախսերը՝ 579 մլն 133 հզ. դրամ (2012-ի համեմատ նույնությամբ պահպանվել է), ներկայացուցչական ծախսերը՝ 225 մլն 940 հզ դրամ (2012-ի համեմատ կրկին նույնությամբ պահպանվել է):
Նախագահի աշխատակազմը սպասարկում են 67 մեքենաներ: Մեքենաների և սարքավորումների նորոգման համար նախագահի նստավայրում նախատեսում են հաջորդ տարի 9.5 մլն դրամ ավելի պակաս ծախսել, քան այս տարի. բյուջեով հատկացվելու է 424 մլն 679 հզ. դրամ (2012-ին՝ 434 մլն 179 հզ. դրամ), իսկ տրանսպորտային նյութերի ծախսերը կկրճատվեն 1 մլն դրամով՝ կազմելով 128 մլն 48 հզ. դրամ:
Նախագահի աշխատակազմի կարողությունների զարգացմանը 2013-ին նախատեսվում է ուղղել 60 մլն դրամ (2012-ին՝ 95 մլն):
Ի դեպ, քաղաքական կուսակցություններին, կազմակերպություններին, արհմիություններին ՀՀ նախագահի աշխատակազմը կաջակցի 100 հզ. դրամով, նույնքան էլ կհատկացվի ծխելու դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրին:









































