Երգչուհի, երգահան Էմմա Պետրոսյանը չի սիրում տոնական աղմուկ-աղաղակ, խառնաշփոթ, ցուցադրական բաներ, սիրում է անկեղծություն և ջերմություն, բայց նշում է, որ տոնը տոն է, և եթե դա ուրախացնում է մեր հասարակությանը, ուրեմն թող այն լինի:
Նրա խոսքով՝ այսօր երևանցու տեսակը պակասել է քաղաքում, ժամանակը առաջ է գնում, և շատ բան է փոխվում, թեև երգչուհին իր ծնողների և իր տղայի միջև շատ ընդհանուր բան է տեսնում, իր սերնդակիցների երեխաների մոտ էլ տեսնում է բաներ, որոնք ժառանգել են տատիկ-պապիկներից: Ընդհանուր առմամբ` պատահական մարդիկ շատ կան քաղաքում, ովքեր չգիտեն՝ ո՞ւր են գնում, որտեղի՞ց են եկել և ինչքանո՞վ են արժևորում այն, ինչ այսօր կա մեր քաղաքում:
Ի՞նչ տարբերություն կար նախկին և ներկայիս երևանցու միջև` հարցին Էմմա Պետրոսյանը պատասխանեց.
«Ես չեմ ուզում բաժանել ժամանակայինի` ժամանակը ինքնին արդեն բաժանում է, որովհետև մենք այս կերպ օտարացնում ենք մեր ծնողներին մեր զավակներից:
Պարզ է, որ մենք ետ չենք բերի այն, ինչ մենք և մեր ծնողները ապրեցին 70-ականներին, բնականաբար` փոփոխությունը շատ մեծ է, բայց ես կուզեմ, ինչ էլ որ փոխվի, չկորի քաղաքի կանաչը, ծաղիկը, հոտը, քաղաքի երգը, այլապես հիմա քաղաքը ուրիշ տեսք է ստացել, ուրիշ երգ է հնչում մեր քաղաքում. ես սրա հետ օտար եմ, չեմ կարող հանդուրժել, և դա նրանից չէ, որ ես Սովետական Միությունից եմ եկել և այն ժամանակ եմ դպրոց գնացել:
Ես ուզում եմ, որ մեր քաղաքի երգը լինի այնպիսին, ինչպիսին մեր բոլորի սիրտն է, և մենք պարտավոր ենք դա նոր սերնդին փոխանցել. սա է կարևորը: Եթե քաղաքը չունենա իր ձայնը, իր բնակիչը, իր քարն ու ծաղիկը, իր արձանը, իր նկարչությունը, ուրիշ տեղ կգնա: Մեր վաղը, երեկը մեր այսօրն են, այդ կամուրջը պետք է միշտ ապրի»:









































