Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը պատասխանել է «Հանուն կյանքի» նախաձեռնության բաց նամակին:
«Հանուն կյանքի» նախաձեռնության հեղինակները օրերս բաց նամակ են հղել վարչապետին հղիությունների արհեստական ընդհատումների մտահոգիչ քանակի նվազման ուղղությամբ հետևողական աշխատանք տանելու առաջարկությամբ:
Վարչապետի պատասխան նամակում մասնավորապես նշվում է. «Ողջունելով հասարակական շրջանակներում տվյալ խնդրի վերաբերյալ գոյություն ունեցող սրտացավությունն ու նախաձեռնողականությունը՝ պարզաբանեմ, որ այդ հարցը գտնվում է պետական մարմինների, նաև` իմ սևեռուն ուշադրության ներքո: Մասնավորապես, իմ անձնական միջոցներով շուրջ երկու տարի է արդեն` ֆինանսավորում եմ Ստեփանակերտի ծննդատանը գործող երկու հոգեբանների աշխատանքը, ովքեր նախքան հղիության արհեստական ընդհատման ակտը պարտադիր կերպով հոգեբանա-բացատրական զրույց են ունենում այդ քայլին դիմող կանանց հետ:
Գոհունակությամբ կարող եմ նշել, որ այս ընթացքում դրա շնորհիվ փրկվել են մի քանի տասնյակ երեխաների կյանքեր: Այնուամենայնիվ, քաջ գիտակցելով, որ այդ ուղղությամբ կատարվող ցանկացած քայլ կենսական նշանակություն ունի, պատրաստակամությունս եմ հայտնում բազմապատկելու իմ պաշտոնական ու անձնական ջանքերը հղիությունների արհեստական ընդհատման դեպքերի նվազման ուղղությամբ, այդ թվում` աչքի առաջ ունենալով նաև «Հանուն կյանքի» նախաձեռնության առաջարկությունները:
Համապատասխան կառույցների հետ քննարկելով հատուկ հանձնաժողովի ձևավորման գաղափարը՝ կփորձենք մոտ ապագայում ձեռնհաս մասնագետներից ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորել խնդրո առարկայով զբաղվող մի կառույց»:









































