Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից արևմուտք գտնվող Ալ-Զաուիյա քաղաքի մոլլաները սրբազան պատերազմ` ջիհադ են հայտարարել երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիին, տեղեկացնում է rbc.ru կայքը:
Ներկայումս այդ քաղաքում մարտեր են ընթանում քադաֆիական և ընդդիմադիր ուժերի միջև: Քադաֆիականները ծանր հրետանուց որոշ թաղամասեր հրթիռակոծելուց հետո մտել են քաղաք, և հիմա մարտերը հենց Ալ-Զաուիյայի փողոցներում են ընթանում, սակայն երկու կողմն էլ հայտարարում է քաղաքի վրա իր վերահսկողության մասին:
Երեկ տեղեկություններ էին տարածվել, որ քադաֆիականներին հաջողվել էր ընդդիմադիրներին հեռացնել քաղաքից: Իսկ երկրի արևելքում վերջիններս կարողացել են դուրս մղել կառավարական ուժերին Մարսա-Էլ-Բրեգա նավահանգստից: