«Այն, ինչ որ հասարակությանն է պակասում, պակասում է նաև մանկավարժներին: Մանկավարժությունը գաղափարների ամբողջություն է, որը պիտի լինի դպրոցում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Մխիթար Սեբստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նա շնորհավորեց ուսուցիչներին իրենց տոնի առթիվ և հավելեց, որ դպրոցում կրթական միջավայրն է ամենակարևորը, երբ ամեն մի անկյունն ուսուցանող է:
Ինչ վերաբերում է դպրոցի խնդիրներին, ապա պրն Բլեյանն առանձնացրեց ուսուցիչների աշխատավարձի խնդիրը, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունը. «Ուսուցիչը պետք է աշակերտի ընկերը լինի: Խորհրդային տարիներից դեռևս մնացել են ձևականությունն ու կեղծիքի տարրերը, դրանք պետք է դուրս հանենք դպրոցից»:
Վերջում բանախոսն իր ուրախությունը հայտնեց, որ հանրապետության գրեթե բոլոր դպրոցները վերանորոգվում են և ունենալու են ջեռուցման համակարգ:
Լուսանկար՝ PanARMENIAN Photo-ի








































