Այսօր` հոկտեմբերի 5-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի Ջրառատ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է,որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վաղարշապատի և Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները` մեկական հաշվարկով:
Գ. Շամշյանը հայտնել է, որ կրակը մարելուց հետո նշված տան կից շինությունում հայտնաբերվել է ամուսիններ` 70-ամյա Արշավիր Եղիազարյանի և 73-ամյա Ռիմա Եղիազարյանի դիերը: Ըստ նախնական տեղեկությունների` ամուսինը մահացել է այրվածքներից, իսկ կինը ծխախեղդ է եղել:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը` վարչության պետի օպեր գծով տեղակալ Սամվել Խմելյանի և Վաղարշապատի ոստիկանապետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Ռաֆիկ Դոխոյանը:
Հրդեհի մասին ահազանգել է ամուսինների հարսը, երբ նկատել է, որ սկեսրայրը օգնություն է կանչում, իսկ նրանց որդին գտնվում է արտերկրում:








































