Աֆրիկայի ամենախոշոր թունավոր օձի՝ սև մամբայի թույնը, պարունակում է ուժեղ ցավազրկող, որն արդյունավետությամբ գերազանցում է մորֆինին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ֆրանսիացի գիտնականներին, որոնք աշխատում են նոր սերնդի ցավազրկողների ստեղծման վրա:
Մոլեկուլյար և բջջային կենսաբանության ինստիտուտի հետազոտողները վերլուծել են թույնի բաղադրությունը և առանձնացրել երկու սպիտակուցային նյութեր, որոնք ունեն ցավազրկող հատկություն: Դրանք հետազոտողների կողմից անվանվել են մամբալգիններ:
Մկների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ մամբալգինները, ի տարբերություն թույնի այլ բաղադրիչների, թունավոր չեն և ազդում են միաժամանակ և´ ցավի օջախի, և´ կենտրոնական նյարդային համակարգի վրա: Մամբալգինների դեպքում կողմնակի ազդեցությունները քիչ են՝ դրանք չեն առաջացնում կախվածություն և շնչարգելություն:









































