ԱՄՆ-ում Youtube-ի հերոսի գործը հասել է դատարան: Տղամարդու Bugatti Veyron ավտոմեքենան հայտնվել էր ծովում, երբ նրան, իբր, ստիպել է շեղվել ցածր թռչող հավալուսնը: Տղամարդը 2,2 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում, սակայն ապահովագրական ընկերությունը հրաժարվում է վճարել: Տեսանյութում, որն արդեն դիտվել է 3,7 մլն անգամ, ոչ մի շեղող գործոն չի նկատվում: The Daily Mail-ի փոխանցմամբ՝ այս շաբաթ գործը կլսի Տեխասի Գելվեսթոն քաղաքի դատարանը:
Դեպքը տեղի է ունեցել 3 տարի առաջ, երբ Էնդի Հաուսն ընթանում էր Լա Մարկ ծովածոցի (ափի խորությունը մեկ մետր է, ջուրը՝ աղի) եզրով անցնող մայրուղով: Նա եղել է 1,2 մլն դոլար արժողությամբ Veyron-ի հատուկ տարբերակի ղեկին:
Դեպքի վայր մեկնած ոստիկաններին նա ասել էր. «Հեռախոսով էր խոսում, երբ հանկարծ նկատեցի ցածրից թռչող հավալուսնին, թեքեցի ղեկը՝ նրա հետ բախումից խուսափելու համար, և ջուրն ընկա»:
Ապահովագրական ընկերությունը Հաուսին մեղադրում է ապահովագրական խաբեբայության մեջ: Նա չգիտեր, որ վթարի պահին իր հիպերմեքենան նկարահանում են, և այդ տեսանյութում ոչ մի հավալուսն էլ չի երևում: Բացի այդ, դեպքի վայրում ոստիկաններն արգելակման հետք չեն հայտնաբերել:
Philadelphia Indemnity Insurance-ը նշում է, որ 2,2 մլն դոլարի ապահովագրական գործարքը կնքվել է դեպքից 3 շաբաթ առաջ: Ընկերությունը խոստանում է դատարան ներկայացնել վկայի, ով կհաստատի, որ Հաուսն իրեն առաջարկել է հետապնդել իր ավտոմեքենան, այնուհետև այրել այն:






































