Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ շփումներում ամենավերին մակարդակներում անգամ դեմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության՝ պետական մակարդակով իրականացվող Հայրենակիցներ ծրագրին: Այդ ծրագիրը իրականացվում է ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Դրա իմաստը այն է, որ տվյալ երկրի քաղաքացիները դիմում են ծրագրին և ստանում Ռուսաստանի քաղաքացիություն, բնակարան և աշխատանք Ռուսաստանում ու մեկնում այնտեղ ապրելու:
Ավելորդ է ասել, թե այս ծրագիրը ինչ է նշանակում Հայաստանի համար, որն առանց այդ էլ ունի արտագաղթի մեծ տեմպեր, ինչպես նաև ժողովրդագրության հետ կապված այլ լուրջ խնդիրներ: Եվ ահա, կառավարությունը հայտարարում է, որ դեմ է արտահայտվել այդ ծրագրի՝ Հայաստանում իրականացմանը: Սակայն հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ է ծրագիրը դեռ մինչև հիմա շարունակվում, եթե Հայաստանը ամենաբարձր պետական մակարդակներով դեմ է արտահայտվել ռուսական այդ ծրագրին: Ինչո՞ւ ծրագիրը դադարեցված չէ:
Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանն ի զորու չէ լիարժեք կերպով սպասարկել սեփական շահը, քանի որ պետությունը, ըստ էության, իր ինքնիշխանությունը զիջել է Ռուսաստանին, այդ երկրին նվիրելով, կա՛մ ջրի գնով, կա՛մ պարտքի դիմաց տրամադրելով Հայաստանի ռազմավարական հզորությունները, ազգային հարստությունները:
Մյուս կողմից, այս հարցն ունի մեկ այլ ասպեկտ: Խնդիրն այն է, որ նախ և առաջ պետք է ձեռնարկվեն քայլեր, որպեսզի հայաստանցիները ուզենան մնալ Հայաստանում: Հայրենակիցները՝ որպես ծրագիր, պետք է փակվի ՝ այստեղ քննարկելու հարց չկա: Բայց բանն այն է, որ եթե հայաստանցիները ունեն երկիրը լքելու մեծ ցանկություն, ապա նրանք կգտնեն դա անելու այլ տարբերակներ: Ի վերջո, չես կարող երկաթյա վարագույր դնել Հայաստանի սահմաններին:
Մինչդեռ պետք է անել այնպես, որ երկրում լինի սոցիալ-տնտեսական արդարության, իրավական արդարադատության, մրցակցայնության, ազատականության այնպիսի մակարդակ, որ Հայաստանի քաղաքացիների մեջ վերանա, փակվի երկրից հեռանալու ցանկությունը: Մարդուն պետք է երկրում պահել ոչ թե արգելքներով, այլ ապրելու հնարավորություն տալով, պաշտպանելով, ազատություն տալով, ստեղծելով նրա համար իր ներուժի իրացման հնարավորություններ:
Արտագաղթի կանխարգելման և ժողովրդագրական պատկերի ընդհանուր շտկման առաջին անհրաժեշտության քայլերը պետք է կատարվեն հենց այդ ուղղությամբ: Այդ դեպքում, անգամ նրանք, ովքեր այսօր հեռացել են, երեկ են հեռացել, կամ՝ ավելի շուտ, կվերադառնան Հայաստան և կապրեն իրենց հարազատ հողում:







































