Ֆրանսիայի առաջին տիկինը ստիպված է եղել ներողություն խնդրել Twitter-ում անհաջող հաղորդագրության համար, որը բուռն արձագանք է գտել ֆրանսիացի ժողովրդի մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախագահի քաղաքացիական կինը` Վալերի Տրիերվեյլերը, հունիսին խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից առաջ հրապարակայնորեն աջակցել է Ֆրանսուա Օլանդի նախկին քաղաքացիական կնոջ և նրա 4 երեխաների մոր` Սեգոլեն Ռուայալի հակառակորդին: Օլանդը բացահայտորեն աջակցել է իր նախկին կնոջը:
Խորհրդարանական ընտրություններում հաղթել է Օլիվյե Ֆալորնին, ում Twitter-ում աջակցել էր Տրիերվեյլերը:
«Դա սխալ էր, որի համար ես ցավում եմ: Այսպիսի բան այլևս չի կրկնվի»,- ասել է Տրիերվեյլերը ֆրանսիական Ouest France թերթին տված հարցազրույցում:
Տրիերվեյլերը, որ մասնագիտությամբ լրագրող է, խոստովանել է, որ նոր-նոր է սկսում ընտելանալ իր նոր կարգավիճակին և այն ժամանակ դեռ չէր գիտակցում, որ այլևս չի կարող իրեն սովորական մարդու պես պահել:








































