«Ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղար Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի ասածներին, թե չի բացառվում, որ «Ազատ դեմոկրատները» «Ժառանգությունից» անկախ գործունեություն վարի, Aravot.am-ին ասաց. «Ի սկզբանե չէի տեսնում, որ այս երկու կուսակցությունների համագործակցությունը կբերի դրական արդյունք: Հաշվի առնելով այն տարբերությունները` և´ մարդկային ռեսուրսների, և´ անցած ճանապարհի մասով, այսքան արագ միավորումը իր հիմքում չունի այնպիսի հարաբերություններ ու իրար հանդեպ վստահություն, որ բերի այնպիսի դրական արդյունքների»:
Տիկին Ալավերդյանի համար իրարից անկախ գործունեությունը ավելի սպասելի էր. «Քան թե տեսնեի նոր ու ուժեղ թիմ, որը պատվով կրում է ընդդիմադիր խմբի պարտականություններն ու պատիվը»: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե խորհրդարանի ընտրություններից հետո երկու ուժերի առաջնորդները պետք է հրաժարվեին մանդատից և այս կապակցությամբ «Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հերքմանը, տիկին Ալավերդյանն ասաց, թե պարոն Հովհաննիսյանը մի բան է ասել, «Ազատ դեմոկրատները» այլ բան է հասկացել. «Բացարձակապես չեմ կասկածում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հասկացել է իր ասածը և իր ստացած պատասխանն այդպես, իսկ «Ազատ դեմոկրատները» հասկացել է ուրիշ ձև»:






































