Դատավոր Արմեն Խաչատրյանի առողջական խնդիրների պատճառով անորոշ ժամանակով հետաձգվեց Սիփան Գրիգորյանի գործով Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն Առաջին ատյանի դատարանում այսօր ժամը 12-ին կայանալիք հերթական դատական նիստը:
Դատարանից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ Արմեն Խաչատրյանը վատառողջ է, և դեռ պարզ չէ, թե երբ կնշանակվի հաջորդ դատական նիստը:
Սիփան Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1 մասի, 185 հոդվածի 2 մասի 1,2 կետերի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ 2011 թ. հոկտեմբերի 28-ին «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթևեկելի մասում, հայտնաբերել էր «ՎԱԶ-2105» մակնիշի կարմիր գույնի այրվող ավտոմեքենա: Նույն օրը՝ հրդեհը մարելուց հետո, ավտոմեքենայի կիսաայրված սրահի հետևի նստելատեղին, պոլիէթիլենային տոպրակներով, սրբիչով, ծածկոցով և կպչուն ժապավենով փաթաթված վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Վրեժ Գրիգորյանի դիակը` գլխի մասում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 17.10-ին, սպանություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել Վ. Գրիգորյանի որդին` 23-ամյա Սիփան Գրիգորյանը: Վերջինս խոստովանել էր, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 14.00-ին, իր հոր՝ Վ. Գրիգորյանի հետ ընտանեկան խնդիրների շուրջ վիճաբանության ժամանակ ապօրինաբար, վերջինիս կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը գտնվող իրեղեն ապացույց հանդիսացող կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել հոր գլխին՝ վերջինիս զրկելով կյանքից։
Վ. Գրիգորյանի դիակը և սպանության փաստը թաքցնելու նպատակով Ս. Գրիգորյանը հոր դին փաթաթել է պոլիէթիլենային տոպրակներով, ծածկոցներով, փաթաթել կպչուն ժապավենով և թաքցրել տան ննջասենյակում, իսկ հաջորդ գիշերը, դիակը տեղավորելով Վ. Գրիգորյանին պատկանող «ՎԱԶ-2105» մակնիշի 61 ՍԼ 780 համարանիշի ավտոմեքենայում, դիտավորությամբ հրկիզել է ավտոմեքենան և հոր դին՝ արդյունքում հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացնելով ավտոմեքենայի խոշոր չափերի՝ 520.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մի շարք դետալներ։










































